Մատչելիության հղումներ

Գյումրիում մեկնարկել են Գյուրջիեւյան օրերը


20-րդ դարի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւ
20-րդ դարի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւ
Գյումրիում շաբաթ օրը մեկնարկել են ծնունդով գյումրեցի, 20-րդ դարի հայտնի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւին նվիրված օրերը:

Այս կերպ գյուրջիեւագետները ցանկանում են հայտնի փիլիսոփային ճանաչելի դարձնել նաեւ Հայաստանում: Գյուրջիեւյան օրերը մեկ շաբաթ կտեւեն:

Պատմաբան Արթուր Նիկողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ վիրավորական է, որ Գյումրիում, որտեղ անցել է մեծ փիլիսոփայի մանկությունն ու պատանեկությունը, նրա մասին շատ քիչ բան գիտեն:

«Փորձեցինք այդ վիճակը շտկել: Այստեղ կա նաեւ հարգանքի տուրքի խնդիր: Վերջին հաշվով, նման մեծ հայրենակից ունենալով, մենք դեռեւս քիչ բան ենք արել նրա ժառանգությունը հասկանալու, նրա հիշատակը հավերժացնելու համար», - Նիկողոսյանը:

Այսօրվա միջոցառմանը մասնակցում էին նաեւ Գյուրջիեւագիտական մոսկովյան կենտրոնից հրավիրված մասնագետների բավականին մեծ խումբ:

«Նա ստեղծել է աշխատություններ եւ հոգեւոր պրակտիկա, որը մենք օգտագործում ենք: Շատ լուրջ ու խորը ուսումնասիրություններ են դրանք: Նա այն մարդն է, ով ոչ միայն փիլիսոփայություն է զարգացրել, այլ նաեւ հիմնել է հոգեւոր զարգացման դրույթները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մոսկովյան կենտրոնի ղեկավար Արկադի Ռովներ, ով եւս տեղյակ էր, որ Գյուրջիեւը հայրենիքում ճանաչված չէ:

Վերջերս, երբ Գյումրիում քննարկում էին Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանների վիճակը, առաջարկություն եղավ Մշակույթի նախարարին Գյումրիում Գյուրջիեւի տուն-թանգարան հիմնել:

Պատմաբան Արթուր Նիկողոսյանը այնքան էլ նպատակահարմար չի համարում այս նախաձեռնությունը:

«Իրականում նրա տնից շատ չնչին մի հատված է պահպանվել, այդտեղ արդեն մի քանի տասնամյակ ուրիշ մարդիկ են ապրում: Ներկայիս տունը ոչ մի կապ չունի այն տան հետ, որտեղ նա ծնվել եւ մեծացել է: Իմ խորին համոզմամբ, ավելի շատ կարելի է խոսել գյուրջիեւագիտական կենտրոնի բացման մասին», - ասաց Նիկողոսյանը:
please wait

No media source currently available

0:00 0:05:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG