Մատչելիության հղումներ

Քաղաքացիական ակտիվիստները պահանջում են սառեցնել մետրոյի ուղեվարձի թանկացումը


«Դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները բաց նամակով դիմել են հանրապետության նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին` պահանջելով սառեցնել ուղեվարձի թանկացումը, ինչպես նաեւ հրապարակել մետրոպոլիտենի վերջին 5 տարվա ֆինանսական հաշվետվությունները` այդ թվում եկամուտների եւ ծախսերի, օգտվողների թվաքանակի մասին տվյալները:

Հիշեցնենք, որ մետրոյի ուղեվարձը թանկացել է հուլիսի 1-ից` 50-ից դառնալով 100 դրամ: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ուղեվարձի թանկացումը բացատրել էր «մետրոյի աշխատանքի խթանմամբ»:

Շաբաթ օրը կայացած ասուլիսում «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» նախաձեռնության ակտիվիստ Իրինա Դավթյանը ասաց, թե Երեւանի քաղաքապետի բացատրությունները ոչ մի կերպ չեն արդարացնում ուղեվարձի թանկացումը:

«Ուզում ենք հասկանալ` ինչո՞ւ այդ մի քանի միլիարդը չի բավականացնում, ի՞նչ պարտադիր էր վերցնել վարկ եւ դրամաշնորհ: Մենք ուզում ենք մասնակցել այդ քննարկումներին, եւ միգուցե միահամուռ ուժերով գանք մի լուծման, որը չի հանգեցնի մետրոյի թանկացմանը», - ասաց Դավթյանը:

«Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ` ոչ այնքան թանկացումը, որքան դրա հիմնավորման բացակայությունն է մտահոգիչ: Նրա բնորոշմամբ` տրոլեյբուսը հոգավարքի մեջ է, քաղաքային տրանսպորտի 75 տոկոսը կազմող միկրոավտոբուսների վիճակը աղետալի է եւ փաստորեն չի էլ երեւում թե ինչ հեռանկար է սպասվում մետրոյին:

«Լիովին բավարարված կլինեմ, եթե ասվի, թե երբ է կառուցվելու մետրոյի հերթական կայարանը` թեկուզ երկու կամ X տարի հետո: Երբ հրապարակվի, ես բավարարված կլինեմ, եւ կարելի կլինի հաշվել այդ թանկացման հետ: Բայց խնդիրն այն է, որ մենք չենք տեսնում զարգացման տենդենցը», - ասաց Պողոսյանը` կանխատեսելով, որ առաջիկայում մետրոյի սակագինը բարձրացնելու նոր խնդիր կառաջանա:

Արմեն Պողոսյանի կանխատեսումներով` ուղեվարձի թանկացման հետեւանքով մինչեւ 20 տոկոսով կնվազի մետրոյի ուղեւորների թիվը: «Սպառողների ասոցիացիա»-ի ղեկավարը կարծում է, որ առանց այն էլ անհարմար տրանսպորտի միակ առավելությունը մատչելի սակագինն էր, եւ թանկացման պատճառով կմեծանա այն մարդկանց թիվը, ովքեր կգերադասեն, իր բնորոշմամբ, «չարիք» միկրոավտոբուսները:

Նախաձեռնության ակտիվիստները նշում են, որ թեեւ հասկանում են, որ մետրոյի պահպանման, զարգացման, եւ անվտանգության համար անհրաժեշտ են դրամական միջոցներ, սակայն, փաստում են, որ ընտրված միջոցը լավագույնը չէ: Նախաձեռնության անդամ Էդգար Մուրադյանի կարծիքով` չկա որեւէ երաշխիք, որ թանկանալուց հետո գոնե վագոնները կաբարեկարգվեն:

«Ստացված դրամաշնորհը եւ վերցված վարկը (որը մեծ գումար է կազմում եւ որով էլ պետական մարմինները բացատրում են գնի թանկացումը) եղել է մի տարի առաջ: Մեկ տարվա ընթացքում մետրոյում ոչ մի փոփոխություն չենք տեսել, բացի գովազդային վահանակների ավելացումից: Մենք մինչեւ հիմա երթեւեկում ենք խորհրդային հին խցիկներում», - ասաց Մուրադյանը:

Երեւանցիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թեեւ հիմնականում ասում էին, որ շարունակում են օգտվել մետրոպոլիտենից, սակայն, իհարկե, դժգոհ են թանկացումից:
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG