Մատչելիության հղումներ

Հայաստանի բանակի զինվոր է մահացել. գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով


Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասից ստացված հաղորդման համաձայն` նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Համբարձումյանը հունիսի 28-ի ժամը 18:30-ից բացակայել է զորամասի տարածքից:

Այդ կապակցությամբ ձեռնարկվել է նյութերի նախապատրաստում, ինչպես նաեւ որոնողական աշխատանքներ` Համբարձումյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, հունիսի 29-ին, ժամը 13:15-ին զորամասին հարակից անտառում հայտնաբերվել է Համբարձումյանի դիակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է ածելի, իսկ դիակի զննությամբ` ձախ ձեռքի արմնկափոսի շրջանում լայնակի վերք հարթ եզրերով:

Փաստի առթիվ պաշտպանության նախարարության քննչական ծառայության իններորդ կայազորային քննչական բաժնում Հայաստանի քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը») հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Գործով նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG