Մատչելիության հղումներ

Մասնագիտական կողմնորոշումը պետք է սկսել դպրոցից


Երիտասարդության 2008 թվականի ազգային զեկույցի տվյալներով` երիտասարդնների 75.5 %-ը չի փնտրել աշխատանք, իսկ 56%-ը չի աշխատել իր մասնագիտությամբ: Նաեւ այս տվյալներով մտահոգված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը վարչապետին է ներկայացրել ոլորտում առկա խնդիրները: Առաջարկվել է մշակել մասնագիտական կողմնորոշման քաղաքականություն, որը կսկի գործել հանրակրթական դպրոցի առաջին դասարանից:

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանի համոզմամբ` երեխան պետք է հենց առաջին դասարանից ինքնաբացահայտվի ու հասկանա, թե ինչ է մասնագիտության գիտակցված ընտրությունը:

«Երկրորդ քայլը կլինի արդեն ավարտական դասարաններում, որից հետո նա գնում է ավագ դպրոց եւ պետք է հասկանա, թե ինչ հոսքային ուղղությամբ պետք է իր կրթությունը շարունակի», - ասաց Հայկուհի Գեւորգյանը:

Կենտրոնի առաջարկը վարչապետի կողմից հավանության է արժանացել, եւ շուտով հայեցակարգը շրջանառության մեջ կդրվի:

Մաթեմատիկայի նկատմամբ մեծ սերը Տիգրան Սողոմոնյանին դեռ դպրոցում դրդել է ընտրել հենց այդ մասնագիտությունը: Այժմ նա սովորում է ԵՊՀ-ի մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում: Բուհն ավարտելուց հետո, սակայն, Տիգրանը չի պատրաստվում աշխատել մաթեմատիկոսի մասնագիտությամբ:

«Ուղղակի մաթեմատիկան համարում եմ ամուր հիմք` հետագայում ուրիշ ծրագրերում օգտագործելու համար: Ես այժմ ուսումնասիրում եմ խաղերի տեսություն, իսկ դա ներկա դրությամբ բոլոր զարգացող գիտություններում օգտագործվում է», - «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում ասաց Տիգրանը:

Այն, որ տղաներից շատերը որոշում են ուսումը բուհում շարունակել բանակից խուսափեու համար` դրսեւորվել է նաեւ Վասպուր Հակոբյանի պարագայում: Հայաստանի պետական ագրարային համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետ ընդունվելը զրուցակցիս համար ինքնանպատակ է եղել:

«Ճիշտն ասած, ես չեմ ընտրել այս մասնագիտությունը, սովորում եմ այդտեղ պատահաբար: Հայաստանում արդեն ավանդական դարձած բանակի խնդիրն ա: Ընտրել եմ էդ բաժինը, որ չգնամ բանակ: Այնքան էլ չսիրելով իմ մասնագիտությունը, չեմ կարծում, որ կդառնամ լավ մասնագետ: Դրա համար ես հիմա ձգտում եմ ստանալ երկրորդ մասնագիտությունս` տնտեսագետ», - անկեղծացավ Վասպուրը:
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG