Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հերքում է Նախիջեւանում ադրբեջանցի զինվորի վիրավորելու մասին լուրը


Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը այսօր հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն տեղեկությունը, թե հայկական զինված ուժերի կրակի հետեւանքով Նախիջեւանի հատվածում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

«Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Իսկ ադրբեջանական կողմի համար հրադադարի խախտումներով իրավիճակը սրելու փորձերը դարձել են ամենօրյա գործունեություն. օրինակ, միայն հունիսի 29-ին Ադրբեջանը հրադադարը խախտել է 29 անգամ, այդ թվում` դիպուկահար զինատեսակից 5 անգամ», - ընդգծում է Հայաստանի ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարը:

Եթե ադրբեջանական կողմում իսկապես զինծառայող է վիրավորվել, ապա դա, ըստ Դավիթ Կարապետյանի, «կարող է լինել ինքնավնասման կամ զինծառայողների միջեւ անհանդուրժողականության հետեւանք»:

«Եթե ադրբեջանական կողմը այլ փաստարկ ունի, ապա կարող է դիմել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար», - նշում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, թե հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Նախիջեւանի Շահբուզի շրջանում վիրավորվել է 20-ամյա զինվոր Սարհան Ահմադովը, որի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG