Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը


Հունիսի 29-ին աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ:

Նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն գոհունակություն են հայտնել հաստատված պարբերական շփումների կապակցությամբ:

Արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, բանակցությունների օրակարգում էին նաեւ վիրահայությանը հուզող խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն քննարկել են իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության, սահմանային անցակետերում իրականացվող ընթացակարգերի պարզեցման, տրանսպորտային փոխադրումների հեշտացման, էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր, հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրներ:

Օրվա երկրորդ կեսին Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ-վրացական հարաբերությունների ներկայիս ընթացքը, Վրաստանի իր գործընկերոջ հետ ունեցած հանդիպման արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները եւ զարգացումները:

Նույն օրը ավարտելով այցելությունը Թբիլիսի, նախարար Նալբանդյանը վերադարձել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG