Մատչելիության հղումներ

Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց ԳԱԱ նախագահի պաշտոնում


ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Այսօր տեղի ունեցած Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց ԳԱԱ նախագահի պաշտոնում:

Ժողովը փակ էր լրագրողների համար: ԳԱԱ-ի լրատվական վարչության ղեկավար Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց, որ առաջադրվել էր երկու թեկնածություն` գործող նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի եւ ակադեմիկոս, Մեխանիկայի ինստիտուտի երկարամյա ղեկավար Լենսեր Աղալովյանի:

Ընդհանուր ժողովի 151 մասնակիցներից փակ գաղտնի քվեարկության ժամանակ Ռադիկ Մարտիրոսյանի օգտին քվեարկել են 102-ը: Նրա Լենսեր Աղալովյանը ստացել է 34 ձայն:

Այսպիսով, ձայների մեծամասնությամբ ԳԱԱ-ի նախագահ հինգ տարի ժամկետով ընտրվեց 75-ամյա Ռադիկ Մարտիրոսյանը:

Ակադեմիայի փոխնախագահի պաշտոնում վերընտրվեց Յուրի Շուքուրյանը, իսկ ակադեմիկոս քարտուղար ընտրվեց ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի նախագահ Հրանտ Մաթեւոսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Ռադիկ Մարտիրոսյանը ասաց, որ ամենից առաջ ձեռնամուխ է լինելու գիտության ինքնակառուցվածքի արդիականացմանը, ինչը չի հաջողվել անել նախորդ հինգ տարիներին. - «Պետք է մտածել այդ ինֆրակառուցվածքի մասին, գտնել ճանապարհներ` բարեգործական կամ պետության միջոցով, գոնե վարկի ձեւով… Հետո գուցե այդ վարկը մենք կարողանանք մեր գիտական արդյունքներով մարել»:

ԳԱԱ համակարգում գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման հնարավորություններին վերաբերող հարցին Մարտիրոսյանը արձագանքեց, թե բացի պետական բյուջեից վճարվող գումարներից գիտաշխատողները գումարներ են ստանում են նաեւ տարբեր միջազգային դրամաշնորհներից, թեեւ ընդունեց, որ դա վերաբերում է ոչ բոլորին. - «Ակտիվ գիտնականները կարողանում են նաեւ այդպիսի դրամաշնորհներին միանալ, շատ ակտիվները ավելի լավ վիճակում են: Բայց նրանք, ովքեր ակտիվ չեն, նրանց համար մնում են միայն բյուջեից ստացված միջոցները»:

Նա նշեց, որ միջին վարձատրությունը կարող է հասնել 80 հազար դրամի. - «Դա, իհարկե, այսօրվա սղաճի պայմաններում շատ քիչ է… Բայց պետք է ասել, որ գիտությունը այնպիսի բան է, որ նվիրյալներ կան: Մենք համարում ենք, որ այն աշխատողները, որոնք մնացել են գիտության մեջ եւ շարունակում են աշխատել, նվիրյալներ են»:
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG