Մատչելիության հղումներ

Տավուշի մարզի բոլոր դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն


23-ամյա Աննա Ավետիսյանը, ով տեղաշարժվելու խնդիրներ ունի, հաճախել է հանրակրթական դպրոց 2-րդ դասարանից՝ այն տարիներին, երբ դեռ ներառական կրթության մասին Հայաստանում խոսք անգամ չկար:

«23 տարեկանում կյանքի փորձի մասին խոսելը մի քիչ տարօրինակ է, բայց ուզում եմ ասել, որ կյանքում մարդ իր տեղը գտնելու համար պետք է ստանա մրցունակ կրթություն եւ պետք է ունենա հնարավորություն իր սահմանադրական կրթական իրավունքը իրականացնելու համար: Ինձ մոտ դա ստացվեց, բայց շատ մեծ ջանքերի գնով», -ասում է Ավետիսյանը, ով այժմ սովորում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսում:

Ներառական կրթության մոդելը, երբ միեւնույն ժամանակ դպրոցում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտները, սկսել է կիրառվել 2006 թվականից, որից հետո աստիճանաբար ավելացել են նեռառական դպրոցները:

«Իմ մի քանի ընկերների հետ [«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում] մենք փաստորեն փորձեցինք նախագծային փուլում գտնվող ներառական կրթության ծրագիրը իրականացնել մեր փորձի վրա: Շատ դժվար էր, ես մի տարի սովորեցի հատուկ դպրոցից հրավիրված ուսուցչուհու օգնությամբ, բայց ընթացքում հասկացանք, որ դա իմ պոտենցիալը բացահայտելու համար շատ քիչ է, եւ որ ես ավելի շատ հնարավորություններ կունենամ հանրակրթական դպրոցում», - պատմում է Աննան:

Հայաստանի մարզերից այսօր միայն Տավուշի մարզի բոլոր դպրոցներում է, որ իրականացվում է նեռառական կրթությունը: Տավուշը ընտրվել է որպես սահմանային մարզ, հաշվի են առել տեղական իշխանությունների պատրաստակամությունը եւ մի շարք այլ գործոններ:

«Մենք սկզբում նախատեսել էինք 50 դպրոցներում անցնել ներառական կրթության, բայց ծրագրի ընթացքում կարողացանք ավելի ճկուն գտնվել եւ ծրագիրն իրականացնել մեր բոլոր 77 դպրոցներում: Այսօր բացի ավագ դպրոցներից՝ մենք մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում իրականցնում ենք ներառական կրթության ծրագիրը», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Տավուշի փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը:

Ներառական կրթության պիլոտային ծրագրի շրջանակներում Տավուշի դպրոցներում ստեղծվել են թեքահարթակներ, նորոգվել են դասասենյակներ, դպրոցները համալրվել են անհրաժեշտ տեխնիկայով, վերապատրաստվել են ուսուցիչներ, անհրաժեշտության դեպքում աշխատանքի են ընդունվել նոր մասնագետներ Նորվեգիայի կառավարության եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ջանքերով: Հայաստանի կառավարությունը սկսել է վճարել հատուկ մասնագետների աշխատավարձը՝ 77 դպրոցներին հատկացնելով 221 միլիոն դրամ՝ որպես մեկ տարվա աշխատավարձ: Երեւանում գործում է 49 ներառական դպրոց, մյուս մարզերում՝ 1-ը կամ լավագույն դեպքում՝ մի քանիսը:

«Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ Տավուշի մարզի փորձը առաջիկա 10 տարիների ընթացքում կկիրառվի նաեւ մյուս մարզերում: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մշակում է մեխանիզմներ ներառական կրթությունը ողջ երկրում հասանելի դարձնելու նպատակով:

please wait

No media source currently available

0:00 0:05:25 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG