Մատչելիության հղումներ

Շտապօգնության բժիշկը մահացել է հիվանդատիրոջ կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում


Կիրակի գիշերը, ժամը 23-ի սահմաններում Գյումրիի Շտապ բուժօգնության կայան ստացված կանչը ճակատագրական է եղել կանչը սպասարկող բժիշկ, 65-ամյա Աշոտ Գրիգորյանի համար: Նա` հիվանդի որդու, 28-ամյա Արտակ Կարապետյանի կողմից ենթարկվել է բազմակի բռնության, որից հետո հենց հիվանդի տանը մահացել է:

Կատարվածի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանին մանրամասներ հաղորդեց Գյումրիի Շտապ բուժօգնության կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանը: Նա, չսպասելով դատաբժշկական եզրակացությանը, համոզմունք հայտնեց, որ Աշոտ Գրիգորյանը դաժան ծեծի հետեւանքով է մահացել:

«Կանչը դիմավորողը մոտ 200 մետր տանից հեռու դիմավորել է, սկսել է հայհոյել, անպատվել բժշկին եւ բուժքույրին: Նրան նստեցրել են մեքենա, ընթացքի ժամանակ մեքենային դուրս է թռել, բժշկին քաշել, գցել է դուրս եւ սկսել է խփել: Դրանից հետո վարորդը կանգնեցրել է մեքենան, միջամտել են վարորդն ու բուժքույրը, իհարկե, մի քանի անգամ էլ նրանց է խփել: Հիվանդին սպասարկել են, հիվանդի վիճակը նորմալ է եղել՝ «սիտուացիոն նեւրոզ» դիագնոզն են տվել, իջել են ներքեւ, նստել են մեքենան, որ գնան, նորից [Կարապետյանը] կանգնել է մեքենայի դիմաց, դուռը բացել, բժշկին դուրս է քաշել, ասել է՝ դուք այստեղից ոչ մի տեղ չեք գնալու, նստելու եք [հիվանդի] կողքը ինչքան պետք է, հետո նորից սկսել է խփել», - պատմում է Թորոսյանը:

Նրա խոսքով՝ բժիշկը ասել է, որ իրեն վատ է զգում, սակայն Կարապետյանը հակադարձել է, թե ոչինչ էլ չի պատահել:

«Բժիշկը հիվանդի տանը նստել է բազմոցին ու մահացել է: Հիվանդին օգնելուց հետո, երբ արդեն հայրը լավ է, դրանից հետո մարդուն գցել գետին ու ոտքերով ծեծել, սպանել, իմաստ չունի, գազանություն է ուրիշ ոչինչ», - գնահատեց Թորոսյանը:

Կարապետյանը իր գործողությունները պատճառաբանել է նրանով, թե իր կանչը ուշ է սպասարկվել:

«Մեքենան չի ուշացել, մոտ 5 րոպեից հասել է», - ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով` Շտապ բուժօգնության կայանին եւ իրավապահ մարմիններին կատարվածի մասին տեղեկացվել է միայն այն ժամանակ, երբ բուժօգնությունը ցույց տալուց հետո Կարապետյանը նրանց երկրորդ անգամ է ստիպել նորից իրենց տուն գնալ:

«Առաջին անգամ չեն զանգել, ասել են` հիվանդին կօգնենք, կոնֆլիկտը կհարթվի: Երկրորդ անգամ, երբ բարձրացրել են, վախեցել են, բժիշկը զանգել է մինչեւ բարձրանալը, հետո բուժքույրն է զանգել, հետո մենք ոստիկանություն ենք զանգել», - տեղեկացրեց Թորոսյանը:

Դեպքից անմիջապես հետո քրեական գործ չէր հարուցվել, քանի որ նախաքննական մարմինը հստակ չէր կարող ասել, թե մահը ինչից է վրա հասել, սակայն միանշանակ հաստատվել էր, որ Արտակ Կարապետյանը բռնություն է գործադրել բժշկի նկատմամբ եւ եղել էր ոչ սթափ վիճակում:

Ավելի ուշ դատաբժշկական եզրակացությամբ հաստատվեց, որ Գրիգորյանի մահվան պատճառը ստացված վնասվածքներն են:

«Մահվան պատճառը համակցված մի շարք վնասվածքներն են: Այդ կապակցությամբ անհապաղ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախատեսվում է ազատազրկում` 12-20 տարի ժամկետով: Կասկածյալը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց գործը քննող քննիչ Վահրամ Բեյբությանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG