Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ սփյուռքի ԶԼՄ-ներում առկա խնդիրները` սփյուռքի երիտասարդ լրագրողների աչքերով


11 երկրներից Հայաստան հրավիրված մինչեւ 33 տարեկան 19 լրագրող երեք շաբաթների ընթացքում Երեւանի պետհամալսարանի, Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ Սփյուռքի նախարարության աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր այցելելուց բացի կլինեն նաեւ տեղական լրատվամիջոցների խմբագրություններում:

Հրավիրվածների շարքում են սփյուռքի որեւէ ԶԼՄ-ում աշխատող կամ համայնքի կողմից երաշխավորված լրագրողներ ու ազատ թղթակիցներ:

ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ նախատեսվում են հանդիպումներ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայագիտության բաժնի աշխատակիցների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն տեղեկատվական պատերազմներին առնչվող հարցեր: Ռեկտորը կարծում է, որ սփյուռքի հայկական լրատվամիջոցներում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունն արտացոլելու խնդիր կա:

Նարեկ Սեֆերեանը քաղաքական թեմաներով վերլուծական հոդվածներ է գրում ամերիկյան տարբեր թերթերում: Նրա խոսքով, Սփյուռքի հայկական ԶԼՄ-ները շատ քիչ են անդրադառնում Հայաստանի ներքին խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի հարցին, սփյուռքի լրատվամիջոցներին հաջողվում է Հայաստանի մասին առավել լայն տեղեկություն տարածել միայն ցեղասպանության ճանաչման հարցին վերաբերող թեմաներով:

Նարեկ Սեֆերեանը սփյուռքում նկատում է երկլեզու լրագրողների պակաս, որոնց օգնությամբ հնարավոր կլինի Հայաստանի խնդիրների մասին գրել անգլերեն կամ որեւէ այլ լեզվով` տվյալ երկրի հայերին ներկայացնելու համար:

Երիտասարդ լրագրողները «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում անդրադարձան նաեւ սփյուռքի եւ հայաստանյան լրատվամիջոցներում առկա խնդիրներին:

18-ամյա Անուշ Գասպարենը Լոնդոնից է, սովորում է տեղի բուհերից մեկում: Համագործակցում է Լոնդոնի մի շարք պաբերականների հետ եւ գրում հիմնականում քաղաքական թեմաներով: Հիմնականում ուսումնասիրում է Հայաստանի զարգացումը` մասնավորապես տնտեսական հարցերով: Կարծում է, որ արտերկրում գործող հայկական մամուլն առավել շատ է անդրադառնում հատկապես ցեղասպանության ճանաչման խնդրին:

Սփյուռքահայ երիտասարդ լրագրողները պարբերաբար Հայաստան այցելելով` հայաստանյան լրատվամիջոցներում դրական առաջընթաց են նկատում, սակայն կարծում են, որ Հայաստանում դեռ լուծված չէ ինտերնետի մատչելիության խնդիրը, ինչը այսօր կարեւոր գործոն է մեդիա ոլորտի համար:

Սփյուռքի երիտասարդ լրագրողների համար կազմակերպված դասընթացները կավարտվեն հուլիսի 16-ին: Հրավիրյալները ԱՄՆ-ից են, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Եգիպտոսից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Էստոնիայից եւ Վրաստանից:
XS
SM
MD
LG