Մատչելիության հղումներ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հրապարակեց դրամաշնորհների մրցույթի արդյունքները


Կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող թվով 8 հասարակական կազմակերպություններ ստացան 500 հազար դրամի չափով դրամաշնորհներ` հանրակրթության, նախադպրոցական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթության, գիտության եւ լրացուցիչ կրթության ոլորտներում ծրագրեր իրականացնելու համար:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշեց, որ մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 26 հայտ:

«Հասկանալի է, որ այս սուղ միջոցներով ծավալուն ծրագրեր իրականացնելը դժվար է, սակայն այն ծրագրերին, որոնք առավել արդյունավետ կլինեն եւ լրացուցիչ ֆինանսավորման կարիք կունենան, հիմնադրամն արդեն իր միջոցներից գումար կտրամադրի», - ասաց Տեր-Հովակիմյանը:

Սա նաեւ հնարավորություն է ծանոթանալու դաշտում գործող հասարակական կազմակերպություններին, նրանց կատարած աշխատանքներին, ներուժին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ գրեթե բոլոր ծրագրերը իրականացվելու են մարզերում, Ջավախքում եւ Լեռնային Ղարաբաղում:

«Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամը աջակցելու է Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցին: Հիմնադրամի ներկայացուցիչ Հասմիկ Պապյանը նշեց, որ դպրոցը Հայաստանում միակն է, մարզերում չկան նման հաստատություններ: Բրայլյան գրքեր տպագրելը բավական թանկ է, այստեղ գրեթե չեն տպագրվում, երեխաները օգտվում են արդեն մաշված եւ իրենց նպատակին չծառայող դասագրքերից:

«Թույլ տեսնող, կույր երեխաներից շատերն անապահով ընտանիքներից են եւ հատուկ տետրեր ու գրքեր ձեռք բերելու հնարավորություն չունեն: Մենք կկազմենք տետրեր, եւ կփորձենք որոշակիորեն լուծել նաեւ գրքերի խնդիրը», - հավելեց Պապյանը:


Ուղիղ հղում
XS
SM
MD
LG