Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել վերջին տարբերակը»


Էդվարդ Նալբանդյան, արխիվային լուսանկար
«Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը», - ուրբաթ օրը Կազանում նախագահների հանդիպումից հետո լրագրողներին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա հիշեցրել է Ստրասբուրգում Հայաստանի նախագահի արած հայտարարությունը, որ կարելի է Կազանում դրական արդյունքներ, առաջընթաց ակնկալել, եթե Ադրբեջանը նոր փոփոխություններ չառաջարկի:

«Դովիլում եռանանագահող երկրները կոչ էին արել նախագահներին համաձայնության գալ Կազանում: Նախագահների հետ հեռախոսազրույցներում նախագահ Օբաման էր նույն կոչն արել: Նաեւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ուղերձներ էր հղել նախագահներն», - արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ասել է Նալբանդյանը` շարունակելով. - «Սակայն ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, եւ դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ»:

«Կողմերի միջեւ վերջին երեք տարիների ընթացքում սա արդեն 12-րդ հանդիպումն էր: Բայց վերջին մեկ տարվա ընթացքում, այս սցենարը, երբ Ադրբեջանը, փաստորեն, նոր փոփոխություններով եւ առաջարկներով է հանդես գալիս, արդեն առնվազն չորրորդ անգամ է կրկնվում: Սա է իրականությունը», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ հավելել. - «Բայց շարունակելու ենք բանակցությունները, որովհետեւ կարգավորման համար այլ ճանապարհ չկա: Միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով է հնարավոր լուծել հիմնախնդիրը»:

Կազանյան հանդիպումը, Նալբանդյանի կարծիքով, ամեն դեպքում օգտակար էր այն իմաստով, որ շարունակվեցին մանրամասն քննարկումները: «Եվ կարեւորն այն է, որ Նախագահ Մեդվեդեւը, որը վերջին երեք տարվա ընթացքում մեծ ներդրում է ունեցել այս գործընթացում, իր պատրաստակամությունը հայտնեց շարունակել ջանքերը՝ սկզբունքների համաձայնեցման եւ դրանց շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG