Մատչելիության հղումներ

Վարչապետի պնդմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացման տեմպերով առաջատարն է


Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցում է «Դիջիթեք» բիզնես ֆորումը բացմանը, 24 հունիս, 2011թ.
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցում է «Դիջիթեք» բիզնես ֆորումը բացմանը, 24 հունիս, 2011թ.
Ուրբաթ օրը մեկնարկել է 4-րդ «Դիջիթեք» բիզնես ֆորումը, որի բացմանը մասնակցել է նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք կարեւորում ենք «Դիջիթեք» ֆորումը, որովհետեւ սա մի հարթակ է, որը կառավարությանը հնարավորություն է տալիս շփվել ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ եւ հասկանալ, թե որոնք են ոլորտի առաջնահերթությունները եւ խնդիրները: Այս հարթակի առանձնահատկությունն այն է, որ մենք առարկայորեն տեսնում ենք, թե ընկերությունները ինչ նվաճումներ ունեն եւ ինչ նոր արտադրանք ու ծառայություններ են առաջարկում իրենց հաճախորդներին», - ասաց վարչապետը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը բնականաբար բարձրացնելու է նաեւ տնտեսության արտադրողականությունը:

«Եթե գնահատենք ոլորտը վերջին 3 տարիների զարգացման տեմպերով, այն մեր տնտեսության մեջ զբաղեցնում է առաջատարի դիրքը: 2009 թվականը մենք ավարտել ենք բջջային հեռախոսով ինտերնետից օգտվող 1 միլիոն 100 հազար, 2010 թվականը` 1 միլիոն 343 հազար բաժանորդով, իսկ 2011թվականի առաջին եռամսյակը` 1 միլիոն 700 հազար բաժանորդ ունենալով», - տեղեկացրեց վարչապետը:

Ինչ վերաբերում է լայնաշերտ ինտերնետի հասանելիության ցուցանիշներին, ապա վարչապետի ներկայացմամբ` 2009 թվականի վերջին բաժանորդների թիվը եղել է 70 հազար, իսկ այս տարվա առաջին եռամսյակում բաժանորդների թիվը արդեն 240 հազար է:

«Նաեւ չափազանց կարեւոր է, որ բաժանորդների քանակը ուղեկցվում է գների նվազմամբ: Այս տարի եւս արձանագրելու ենք գների նվազում», - ասաց Տիգրան Սարգսյանը:

«Դիջիթեք» ֆորումին մասնակցում էին ինչպես տեղական, այնպես էլ Վրաստանից ժամանած ընկերություններ:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հինգ տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակել է որպես առաջնահերթություն:

Էլեկտրոնային առեւտուրը` առաջնահերթություն


Կարեն Վարդանյան
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի կարծիքով, այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առավել սուր խնդիրներից է էլեկտրոնային առեւտրի հարցը:

«Քանի որ դա նոր ոլորտ է, պահանջում է, որ մենք ամբողջությամբ նոր օրենսդրական եւ գործառնական դաշտ ապահովենք, որպեսզի ընկերությունները իրենց բիզնեսի մի հատվածը կարողանան տեղափոխել էլեկտրոնային դաշտ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կարեն Վարդանյանը:

Չնայած վարչապետ Տիգրան Սարգսյանի հիշատակած զարգացման բարձր տեմպերին եւ գրանցված ցուցանիշներին, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը դժգոհ է ոլորտի վիճակից:

Վարդանյան.
Ինտերնետի դիվերսիֆիկացիան պետական անվտանգության խնդիր է...
«Չի գոհացնում, որովհետեւ եթե մենք իսկապես ուզում ենք մոդեռնիզացնել երկիրը, մեզ պետք է գոնե եռապատկել տեխնոլոգիական ոլորտում աշխատող ընկերությունների քանակը: Դրա համար մեզ պետք է լուրջ ձեռներեցության շարժում լինի, որ երիտասարդությունը գնա դեպի տեխնոլոգիական ձեռներեցություն, պետք է, որպեսզի Պոլիտեխնիկը, որպես կադրերի հիմնական դարբնոց, որակյալ կադրեր տա, եւ դրա համար մեզ պետք է, որպեսզի ինովացիաները կառավարող պետական մարմին լինի, որը կկենտրոնացնի ինովացիոն զարգացման ոլորտը», - ասաց Կարեն Վարդանյանը:

Ինչ վերաբերում է ինտերնետի հետ կապված խնդիրներին, փորձագետի կարծիքով Հայաստանը դիվերսիֆիկացիայի խնդիր ունի, որպեսզի, օրինակ, Վրաստանում տեղի ունեցած պատահարների հետեւանքով երկիրը չզրկվի ինտերնետից:

«Շատ գծեր ունենալու խնդիրն է, ուրիշ խնդիր չունենք: Իսկ դա պետության, պետական անվտանգության խնդիր է, եւ պետություն - հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններ խնդիրն է», - եզրափակեց Կարեն Վարդանյանը:
Վարչապետը եւս մեկ անգամ կարեւորել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG