Մատչելիության հղումներ

Փոստանջյանը Սարգսյանին հորդորել է չստորագրել Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված փաստաթուղթ


Զարուհի Փոստանջյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չորեքշաբթի օրը Ստրասբուրգում կարճատեւ հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Պատգամավորը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հանդիպման ժամանակ նախագահին հորդորել է Կազանում նախատեսված հանդիպման ժամանակ չստորագրել Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված փաստաթուղթ:

«Ինչպես գիտեք, հենց այն օրվանից, երբ ստորագրվեցին Մադրիդյան սկզբունքներ այդ [2008 թվականի նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված] Մայնդորֆյան տխրահռչակ փաստաթուղթը, ես եւ «Ժառանգություն» կուսակցությունը` մենք դեմ ենք եղել այդ փաստաթղթին եւ մշտապես հնչեցրել ենք մեր դեմ կարծիքը: Այս անգամ որպես հորդոր ես նաեւ ուղղեցի Սերժ Սարգսյանին, որպեսզի նա չստորագրի որեւիցե փաստաթուղթ Կազանում տեղի ունեցող այդ հանդիպման ընթացքում, որեւիցե փաստաթուղթ, որը վերաբերում է այդ Մադրիդյան սկզբունքների ներքո Արցախի խնդրին», - փոխանցեց Փոստանջյանը:

Նախագահի արձագանքին վերաբերող հարցին նա պատասխանեց. - «Արձագանքը, ես կարծում եմ, խոսքերով չպետք է լինի, այլ պետք է լինի գործով, իսկ գործը այն պետք է լինի, որ այդ Մադրիդյան սկզբունքները հայ հանրության համար ընդունելի չեն, իսկ Արցախի անկախ հանրապետության համար բացարձակ ընդունելի չեն կարող լինել, որովհետեւ նրանք բանակցային կողմ չեն, եւ այդ փաստաթուղթը ստեղծվել է եւ ստորագրվել է առանց Արցախի օրինական ճանապարհով ընտրված եւ 20 տարի Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության հետ հավասարապես զարգացող պետության մասնակցության: Հետեւաբար, այդ փաստաթուղթը բացարձակ չի կարող ընդունվել հայ հանրության համար եւ Արցախի Հանրապետության քաղաքացիների համար»:

Հարցին` խոստացա՞վ արդյոք Սերժ Սարգսյանը ի նկատի ունենալ հորդորը, Փոստանջյանը արձագանքեց. - «Մենք կտեսնենք իր գործելաոճով»:

«Դա ուղերձ է մեր հայ լայն հանրության կողմից, որը ներկայացվեց իրեն», - ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:

Չորեքշաբթի օրը ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում Հայաստանի նախագահը անդրադարձավ նաեւ Ղարաբաղի խնդրին: Նա, մասնավորապես, հայտարարեց, թե դժվար է վստահությամբ ասել, որ բանակցությունները կունենան միայն դրական արդյունքներ, բայց ինքը Կազան է մեկնում լավատեսությամբ լցված` ցանկանալով, որ գան ընդհանուր հայտարարի:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG