Մատչելիության հղումներ

Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է Մադրիդյան սկզբունքները խախտելու մեջ


ԵԽԽՎ-ում ունեցած ելույթից հետո պատասխանելով Վեհաժողովի պատվիրակներից մեկի հարցին, թե որո՞նք են խոչընդոտող հանգամանքները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքները ընդունելու հարցում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայկական կողմից որեւէ խնդիր չկա:

«Մենք դեռեւս 2007 թվականին հայտարարել ենք, որ այն սկզբունքները, որ դրված են Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթում, հնարավորություն են տալիս հասնել խնդրի արդարացի եւ երկարատեւ լուծմանը», - նշեց Սերժ Սարգսյանը, հիշեցնելով, որ այդ սկզբունքները երեքն են` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքը:

«Խնդիրը նրանում է, որ մենք այդ սկզբունքները հասկանում ենք մի կերպ, ադրբեջանցիները այդ սկզբունքները հասկանում են մեկ այլ կերպ», - շարունակեց Հայաստանի նախագահը` պարզաբանելով. - «Վերջին տարիներին Ադրբեջանը իր բոլոր պաշտոնյաների` ընդհուպ մինչեւ երկրի նախագահի բերանով հայտարարում է, որ պատրաստ է ռազմական ճանապարհով խնդրի լուծման: Ես կարծում եմ, որ շատ խորաթափանցություն պետք չէ այստեղ տեսնելու առաջին սկզբունքի խախտումը Ադրբեջանի կողմից: Երկրորդ. տարածքային ամբողջականության սկզբունքը Հայաստանը ընդունել, ընդունում է, եւ մշտապես ընդունելու է, այստեղ մեզ համար երբեւէ հարցական խնդիր չկա, եւ հենց այդ պատճառով է նաեւ, որ Հայաստանի կառավարությունը երբեք տարածքային որեւէ պահանջ չի ներկայացրել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ այլ որեւէ երկրի, եւ հենց այդ պատճառով է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Երրորդ. ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը մեզ համար հասկանալի է, ընկալելի է, ընդունելի է, եւ մենք համարում ենք, որ հենց այդ սկզբունքի իրականացումը հնարավորություն տվեց վերջին 20 տարիների ընթացքում մի քանի տասնյակ նոր պետությունների ձեւավորմանը: Այստեղ ադրբեջանցիները ունեն տարակարծություններ, նրանք այլ կերպ են մտածում եւ ասում են, որ ազգերի ինքնորոշման իրավունքը իրենք ընդունում են, բայց ընդունում են կոնկրետ դեպքում` Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրականացումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Մենք ասում ենք, որ դա խուզած ինքնորոշման մասին է խոսքը, եւ ազգերի ինքնորոշումը այնպիսին պետք է լինի, որ հնարավորություն տա տվյալ ժողովրդին` ազատորեն տիրապետելու իր ճակատագիրը»:

Սերժ Սարգսյանը հավելեց, որ Մադրիդյան սկզբունքների կարեւորությունը կայանում է նրանում, որ դրանք որեւէ երկրի կողմից չեն կարող չընդունվել:

«Այն երկրները, որ չեն ուզում խնդիրները լուծվեն այս սկզբունքների հիման վրա, փորձում են տարբեր պատճառներ գտնել: Մենք որեւէ վերապահում խնդիրը այս սկզբունքներով լուծելու` չունենք», - եզրափակեց Հայաստանի նախագահը:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG