Մատչելիության հղումներ

Ռեփեր սուպեր Սաքոյի եւ լուսանկարիչ Արվին Քոչարյանի նկարները ցնցել են հանրությանը


Armenia -- A photo by Arvin Kocharian, undated.
Armenia -- A photo by Arvin Kocharian, undated.

Հաղպատի հանրահայտ X դարի վանական համալիրի ֆոնին հայտնված ռեփեր Սուպեր Սաքոյի եւ կիսամերկ աղջկա լուսանկարը սոցիալական ցանցերում կոշտ քննադատության է արժանացել:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը լուսանկարն իր բովանդակությամբ դիտարկում է որպես խայտառակություն, հայ ժողովրդի պատմության, կրոնի եւ մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում, ինչպես նաեւ երիտասարդության շրջանում ազգային արժեքների դեմ ուղղված չգիտակցված քարոզչություն:

Նախաձեռնության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այդ լուսանկարը գտել են շատ պատահական` google որոնողական համակարգում եւ հետո լրատվամիջոցներին հաղորդագրություն են ուղարկել:

«Մաքսլիբերթի»-ն զրուցել է ամերիկաբնակ ռեփեր սուպեր Սաքոյի հետ, պարզելու համար, ով է լուսանկարի բովանդակային մասի հեղինակը: Սարգիսն ասաց, որ ինքը լուսանկարվել է սպիտակ ֆոնի վրա եւ հետագայում փորձարկվել են մի քանի ֆոնային տարբերակներ` այդ թվում նաեւ վանական համալիրը: Զրուցակիցս ասաց, որ ինքը զարմացած չէ հանրության շրջանում հնչող կոշտ քննադատությունից եւ հավելեց, որ լուսանկարի մոնտաժված տարբերակը տեսնելիս ինքն էլ է անակնկալի եկել:

Ռեփեր Սաքոն հրաժարվեց լուսանկարի հեղինակի անունը հայտարարել` նշելով, որ պետք չէ փնտրել մեղավորների:

Մենք պարզեցինք, սակայն, որ նկարի հեղինակը լուսանկարիչ Արվին Քոչարյանն է: Հակադրվելով Սարգսի պատասխանին` Արվին Քոչարյանն ասաց, որ արդեն մոնտաժված լուսանկարները Սարգիսը տեսել եւ դրական է գնահատել ու չէր կարող մյուսների պես ինքն էլ զարմանալ դրանցից:

Արվին Քոչարյանի պատասխանը, թե ինքը զուտ պատվեր է կատարել, զարմացրել է «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության ղեկավարին:

«Եթե իրեն պատվիրեին ավելի ապազգային նկար` ինքը կկատարեր: Եթե ինքը արդարացնում է, որ պատվեր կատարելը նորմալ երեւույթ է, կներեք, բայց կիլլերներն էլ են պատվեր կատարում, եկեք նրանց էլ արդարացնենք», - ասաց Ռուբեն Բաղդիշյանը:

Թե ով է իրականում լուսանկարի բովանդակային մասի պատասխանատուն, այդպես էլ հայտնի չէ, թեպետ Սարգիսը նշում է, որ դա Արվին Քոչարյանի մտահղացումն է: Իսկ վերջինիս խոսքով, ինքը պարզապես պատվեր է կատարել եւ կապ չունի այդ մտահղացման հետ:

Ձայնասկավառակի անվանումն է «Սեր, սուտ եւ դավաճանություն»: Երգիչն ու լուսանկարիչը փորձել են իրենց երեւակաթյան շրջանակներում համապատասխան լուսանկարներ ստանալ:

Ռուբեն Բաղդիշյանը չի պատկերացնում, թե սիրո, ստի եւ դավաճանության հետ ինչ կապ ուներ նկարի ֆոնում հայտնված վանական համալիրը:

Հաղպատի վանական համալիրի ֆոնին արված այս լուսանկարը միակը չէ, որոնք նախապես արված էին Սարգիսի հերթական ալբոմի համար, դրանք 5-ն են, բոլորն էլ` ահասարսուռ տեսարաններով:

Կոշտ քննադատության արժանացած այս լուսանկարը, ի թիվս մյուս 4-ի, ձայնասկավառակի շապիկին չեն տեղադրվել եւ մնացել են Սարգիսի սեփական արխիվում:

Զրուցակիցս նշեց, որ բարձրացված աղմուկն արդարացված կլիներ, եթե դրանք որեւէ կերպ օգտագործված լինեին կամ որեւէ տեղ հրապարակված լինեին:
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG