Մատչելիության հղումներ

ԼՂ արտգործնախարարը «գործնականում» տեղեկացված է բանակցային գործընթացին


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյան
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյան

Բանակցություններին մասնակցելու դեպքում ղարաբաղյան կողմը պատրաստ է խոսել «ամեն ինչի մասին»:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին ոչինչ ասել չի կարող, քանի որ «այնտեղ ներկա չի լինի»: Այսպիսի հայտարարություն Գեորգի Պետրոսյանը արեց Կովկասի մի շարք երկրներից ԼՂ ժամանած լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Նախարարը հավելեց, թե չնայած Ղարաբաղն այս էտապում չի մասնակցում բանակցություններին, իրենք «գործնականում» տեղեկացված են տեղի ունեցող իրադարձություններից:

Պատասխանելով լրագրողների հարցին` թե ինչո՞ւ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, Գեորգի Պետրոսյանը հայտարարեց, թե դա ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի դիրքորոշումների հետեւանքով չէ:

«Միջնորդների կարծիքով եռակողմ ձեւաչափով դժվար է բանակցություններ վարել` քանի որ, երեք կողմերը դժվար են պայմանավորվում», - պարզաբանեց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը` ընդգծելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի որեւէ բանի հնարավոր չէ հասնել:

Եթե, այնուամենայնիվ, ընդունվի մի որոշում, որը ձեռնտու չի լինի ղարաբաղյան կողմի համար, ի՞նչ տեղի կունենա` այս հարցին նախարարը պատասխանեց. - «Այդ հարցը թե՛ Ղարաբաղին է վերաբերում, եւ թե միջնորդներին: Մեզ հնարավոր է ոչնչացնել, բայց առանց մեզ որոշում ընդունել չի կարելի: Ուրեմն մեզ պետք է ասեն, որ` պատրաստ ենք ձեզ ոչնչացնել, բայց այդ մասին պետք է ասեն ուղիղ»:

Գորգի Պետրոսյանը նաեւ նշեց, որ Լեռնային Ղարաբաղը բազմիցս պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ նստել բանակցային սեղանի շուրջ, սակայն դա դեռ տեղի չի ունենում, քանի դեռ Ադրբեջանը հրապարակայնորեն մերժում է այդ առաջարկը:

«Լեռնային Ղարաբաղին վերաբերող միջազգային փաստաթղթերում ընդունված է, եւ ասվում է, որ ԼՂՀ-ն հանդիսանում է հակամարտության կողմ: Եւ եթե մենք` հանդիսանալով հակամարտության կողմ, ունեցել ենք հնարավորություն դադարեցնել պատերազմը, եւ ստորագրել դրա տակ, ապա մենք ունենք նաեւ իրավունք կառուցել մեր ապագան, եւ կառուցել խաղաղ ապագա: Դա է մեր գլխավոր դիրքորոշումը, որը մեր կողմից ներդնում ենք որպես փաստարկ` բանակցային սեղանին», - հայտարարեց արտգործնախարարը: - «Բանակցություններին մասնակցելու դեպքում ղարաբաղյան կողմը պատրաստ է խոսել ամեն ինչի մասին: Եթե պիտի տարածքների վերադարձի մասին խոսեն, ես էլ կխոսեմ Շահումյանի մասին: Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել Շահումյանը: Փախստականների՞ց են խոսելու: Ես էլ մեր փախստականներից կխոսեմ: Ես չեմ նստելու եւ արդարանամ, ես խոսելու եմ: Եթե իրենք պատրաստ կլինեն, ապա մենք էլ պատրաստ կլինենք ինչ-որ բանի»:

Իսկ որպես նորություն` բանակցային գործընթացին մասնակցելու դեպքում Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը կփորձի նախ հակամարտության կարգավորում, լուծում տերմինները փոխարինել վերացում տերմինով, քանի որ, նրա համոզմամբ, միայն հակամարտության վերացման արդյունքում հնարավոր կլինի հասնել հարատեւ խաղաղության:
ԼՂ արտգործնախարարը «գործնականում» տեղեկացված է բանակցային գործընթացին
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG