Մատչելիության հղումներ

Հունաստանը` սնանկացման շեմին


Հունաստանի վարչապետ Գեորգե Պապանդրեւու
Հունաստանի վարչապետ Գեորգե Պապանդրեւու

Հունաստանի խորհրդարանի օրակարգում այսօր կառավարության վստահության հարցն է։

Վարչապետ Գեորգե Պապանդրեւուի կառավարությունը 300-տեղանոց խորհրդարանում ունի 155 ձայն, սակայն այսօրվա ճգնաժամային վիճակում հնարավոր չէ հստակ պնդել, որ բոլորը վստահություն կհայտնեն գործադիրին։

Ամբողջ աշխարհի ֆինանսական կենտրոններն անհամբերությամբ լուրերի են սպասում Աթենքից, քանի որ վստահություն ստանալու դեպքում Հունաստանի կառավարությունը պետք է իրագործի ֆինանսական միջոցները խստագույնս խնայելու հինգ տարվա ծրագիրը։

Եթե այն չիրականացվի` Եվրոպական Միությունը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը օգնություն չեն տրամադրի Հունաստանի տնտեսության փրկության համար։

Փաստորեն, եվրոգոտին վերջնագիր է ներկայացրել Աթենքին` «ընդունում եք ծրագիրը, ստանում եք հերթական 12 միլիարդ եվրոյի օգնություն սնանկությունից խույս տալու համար, չեք ընդունում` փող չեք ստանում»։

Օրենսդիրն ու գործադիրը գիտակցում են, որ այդ փաթեթը` որքան էլ անտանելի է եւ նվաստացուցիչ, այնուամենայնիվ դա այն դառը դեղահաբն է, որն անհրաժեշտ է հիվանդ տնտեսությանը։

Մինչդեռ, հազարավոր շարքային հույներ այս օրերին փողոցներում բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացնում, տեղի են ունենում բախումներ ոստիկանների հետ, կան վիրավորներ, ավերվել են մեքենաներ, խանութներ, հիմնարկներ։

Հունաստանի պետության պարտքը հասնում է 340 միլիարդ եվրոյի։ Տարեվերջին այն կկազմի 350 միլիարդ։ Ասել է թե` 11 միլիոն 300 հազար բնակիչներից յուրաքանչյուրի պարտքը ավելի քան 30 հազար եվրո է։

Հունաստանն անցյալ տարի 110-ը միլիարդ եվրոյի օգնություն է ստացել, սակայն ակնհայտ է, որ դա բավական չէ տնտեսապես ձախողված երկրի վիճակը շտկելու համար: Հիմա եւս 120 միլիարդի ծրագիր է քննարկվում, բայց դրա համար անհրաժեշտ է սահմանել ֆինասնական խիստ, կարելի է ասել` դաժան կարգապահություն։

Reuters գործակալության փոխանցմամբ, խոստացված 110 միլիարդ եվրոյից Հունաստանը գործնականում 53-ն է ստացել, 12-միլիարդանոց տրանշի հատկացումը կախված է Աթենքի գործադիրի եւ օրենսդիրի քայլերից։

Այս ճգնաժամը կարող է ավերիչ դառնալ միանգամից մի քանի առումով: Նախ` այն կարող է հասնել Պորտուգալիա, եւ, ինչից շատ են վախենում ֆինանսիստները, Իսպանիա։

Հունաստանն, ի վերջո, կարող է հայտնվել դեֆոլտի վիճակում, այսինքն իրեն հռչակել անվճարունակ։ Դա ծանր հարված կլինի Եվրոպական կենտրոնական բանկի, ինչպես նաեւ գերմանական եւ ֆրանսիական բանկերի համար եւ քաղաքական առումով կդառնա Եվրոպական Միության ամենահավակնոտ ծրագրի` 1999 թվականից շրջանառություն մտցված եվրոյի խայտառակ ձախողում։

Այդ պայմաններում Հունաստանը կարող է պարզապես արտաքսվել եվրոյի գոտուց, կամ էլ պարտքի մեծ մասի բեռն իր ուսերին կրող Եվրոպայի ամենահզոր տնտեսությունը` Գերմանիան ինքը դուռը կշրխկացնի եւ դուրս կգա եվրոգոտուց։

Այդ աղետալի տարբերակի դեպքում իրականություն կդառնան այսպես կոչված «եվրաթերահավատների» կանխատեսումներն առ այն, որ չէր կարելի եվրոյի գոտի ընդունել տնտեսապես թույլ պետություններ, որ եվրոն դրա արդյունքում դարձել է դատարկ փուչիկ, որը մի օր կպայթի։

Այդպիսի գործիչներից մեկը Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսն է։

«Կա երկու ճանապարհ` կամ հույները ընդունում են բոլոր պարտադրված կանոնները, կամ հրաժարվում են եվրոյից եւ վերադառնում իրենց դրահմային: Երրորդ ուղի չկա»,- ասել է եվրոյի գաղափարի հետեւողական ընդդիմախոս, մասնագիտությամբ տնտեսագետ Կլաուսը։

Քննարկումները Հունաստանի խորհրդարանում շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG