Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն ուսումնասիրում է «Մարտի 1»-ի նորահայտ տեսանյութերը


Մինչ օրս համացանցում տեղադրված` 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին վերաբերող բոլոր տեսանյութերը, որոնք նախկինում չեն եղել նախաքննական մարմնի տրամադրության տակ, պատշաճ կարգով ուսումնասիրվել են եւ դարձվել քննության առարկա, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

Առավել մանրազնին եւ առարկայական հետազոտելու նպատակով բոլոր տեսանյութերի վերաբերյալ, ըստ հաղորդագրության, նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ:

Հատուկ քննչական ծառայությունը, «ի լրումն նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների, եւս մեկ անգամ հավաստում է, որ նախաքննության համար կարեւոր է 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն»:

«Անընդունելի է, որ հիշատակված տեսանյութերն ուղեկցվում են անհիմն եւ մտացածին մեկնաբանություններով, ինչը զուտ քաղաքական նպատակներ է հետապնդում եւ շահարկումների տեղիք տալիս: Մասնավորապես, Youtube.com ինտերնետային կայքում հունիսի 6-ին տեղադրված տեսանյութը վերնագրված է «Սամվել Հարությունյանի գնդակահարությունը... 01.03.2008թ. », մինչդեռ տեսանյութում չկա Սամվել Հարությունյանի կամ որեւէ այլ անձի սպանության փաստը պատկերող դրվագ: Ավելին, համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության` Սամվել Հարությունյանի վնասվածքը պատճառվել է բութ առարկայի ներգործության հետեւանքով, իսկ մահը վրա է հասել վնասվածքն ստանալուց ավելի ուշ` հիվանդանոցում, օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից», - ասված է հաղորդագրությունում:

Ինչ վերաբերում է հունիսի 16-ին Youtube-ում տեղադրված հերթական տեսանյութին, ապա, ըստ ՀՔԾ-ի, «ապացուցողական իմաստով այն հաստատում է միայն նախաքննությամբ արդեն իսկ ձեռք բերված եւ հաստատված այն փաստերը, որ Գրիգոր Գեւորգյանի դիակը դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն է տեղափոխվել Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկի հանդիպակաց մայթի դալանի մոտ տեղակայված կոշիկի վերանորոգման կրպակի մոտից, եւ` ոչ ավելին»:

ՀՔԾ-ն մեկ անգամ եւս հորդորում է տեսագրությունը կատարած անձանց` նախաքննական մարմնին ներկայացնել իրենց ունեցած տեսանյութերն ամբողջությամբ, ինչը կարող է օգտակար լինել նախաքննությանը` որոշակի հանգամանքներ ճշտելու համար:

Նախաքննական մարմինը պատրաստակամություն է հայտնում նաեւ հարցաքննել տեսագրությունը կատարած անձանց, ովքեր կարող են պարզաբանում մտցնել նյութերի ապացուցողական նշանակության եւ գնահատման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG