Մատչելիության հղումներ

Արթուր Աբրահամը կամուսնանա հայուհու հետ


Արթուր Աբրահամ
Արթուր Աբրահամ
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ով այժմ հանդես է գալիս երկրորդ միջին քաշում, չնայած որոշ մարզիչների խորհուրդներին` մտադիր չէ վերադառնալ նախկին քաշային կարգին, քանի որ ինքն իրեն խոստացել է աշխարհի չեմպիոն դառնալ այս քաշային կարգում:

Վերջին չորս հանդիպումներից երեքում Արթուր Աբրահամը պարտվեց: Նրա վերջին մրցակիցը ամերիկացի Անդրե Ուորդն էր` Super six մրցաշարի շրջանակում: Արթուրի խոսքով` պարտությունն իր ֆիզիկական պատրաստվածության հետ կապված չէր:

«Փորձում էի այդ պաշտպանության ձեւով վերջում նրան նոկաուտի ենթարկել, սակայն, ցավոք սրտի, չստացվեց, որովհետեւ գիտեի, եթե ես Ամերիկայում նոկատուտի չենթարկեի, ապա միավորներով դժվար կլիներ հաղթելը, դրա համար այդ տակտիկան էին ընտրել, սակայն դա սխալ տակիտիկա եւ նա միավորներով հաղթեց», - ասաց Աբրահամը ուրբաթ օրը կայացած ասուլիսում:

Երեւանում մեկամսյա հանգստից հետո Արթուր Աբրահամը կվերադառնա Գերմանիա, որտեղ մի քանի որակավորման մենամարտեր կանցկացնի եւ արդեն հաջորդ տարի կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Բռնցքամարտիկի կարիերան ավարտելուց հետո 31-ամյա Աբրահամը որոշել է վերադառնալ Երեւան, բռնցքամարտի դպրոց հիմնել, որտեղ, Արթուրի խոսքով, մարզական պարապմունքներից բացի կուսուցանվեն անգլերեն եւ գերմաներեն լեզուները:

«Եթե բռնցաքամարտիկը լեզու չիմանա, ապա չի կարող արդյունքի հասնել դրսում, որովհետեւ լեզուն շատ կարեւոր է, ես որոշել եմ ստեղծել [բռնցքամարտի] դպրոց, կից ստեղծել լեզվի դպրոց` միայն մարզիկների համար: Բայց դա կլինի մի քանի տարի հետո, որովհետեւ ես հիմա ինձ լիովին նվիրել եմ իմ աշխատանքին», -ասաց բռնցքամարտիկը:

Այս այցի ընթացքում Աբրահամը 100 հազար եվրոյի մարզական գույք է նվիրելու Վլադիրմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցին, որտեղ նաեւ ինքն է առաջին քայլերն արել: Բռնցքամարտիկի կարծիքով, Հայաստանում կան լավ երիտասարդներ, ովքեր եթե ունենային դրսեւորվելու հնարավորություն, կարող էին բարձր տիտղոսների հավակնել:

«Այստեղ պրոֆեսիոնալ բռնցքամարտը այդքան զարգացած չէ, եւ հնարավորությունները ավելի քիչ են մեծ մենամարտերի մասնակցելու համար: Այդ պատճառով էլ բոլորը այստեղ-այնտեղ են գնում` այդ հնարավորությունները ձեռք բերելու համար», - ասաց բռնցքամարտիկը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Արթուր Աբրահամն ասաց, որ երբեւէ որեւէ կոնֆլիկտ չի ունեցել Գերմանիայի թուրքական համայնքի հետ, որեւէ ճնշում չի զգացել, ավելին` հաճախ դահլիճում իր երկրպագուների շարքերում թուրքեր էլ են լինում, թեեւ Արթուրը հաղթանակի դեպքում ռինգում պարզում է Հայաստանի դրոշը:

«Կապ չունի ես որտեղ եմ ապրում` Գերմանիայում, ԱՄՆ-ում թե Ռուսաստանում, ես ինձ հայ եմ զգում եւ ամեն տեղ ինձ որպես հայ եմ ներկայացնում եւ ինձ որպես հայ եմ պահում, որովհետեւ սեւ մազերով, սեւ աչքերով գերմանացի դժվար թե լինի», - ասաց Աբրահամը:

Ի դեպ, բռնցքամարտիկը Երեւան է եկել, իր խոսքով, մեկ այլ կարեւոր գործի համար եւս. Արթուր Աբրահամի ընտրյալը հայուհի է, եւ նա պատրաստվում է ամուսնանալ: Բռնցքամարտիկը չասաց, թե ով է իր հարսնացուն` նշելով, որ նա «սովորական աղջիկ է»:

please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG