Մատչելիության հղումներ

«Աերոսմիթ»-ը նոր ալբոմ է ձայնագրում


«Աերոսմիթ» խումբը Բանգալորի օդանավակայանում, 1-ը հունիսի, 2007թ.
«Աերոսմիթ» խումբը Բանգալորի օդանավակայանում, 1-ը հունիսի, 2007թ.

Երգիչ Սթիվեն Թայլերն ավարտել է American Idol հեռուստածրագրի ժյուրիի կազմում իր աշխատանքը, եւ հուլիսին «Աերոսմիթ» ռոք խումբը վերադառնալու է ստուդիա, որտեղ նոր ալբոմ է ձայնագրելու:

American Idol («Ամերիկյան կուռք») հեռուստաշոուն եվրոպական երկրներում բարձր վարկանիշ ունեցող X-Factor ծրագրի տարբերակն է:

Հեռուստադիտողները եւ մեկնաբանները բարձր են գնահատել Սթիվեն Թայլերի մասնակցությունը շոուին: Մինչդեռ, «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, խմբի անդամները դժկամությամբ են ընդունել Թայլերի այդ նախաձեռնությունը:

Սթիվեն Թայլեր
Սթիվենն ու նրա «աերոսմիթցի» չորս ընկերները համագործակցելու են վետերան պրոդյուսեր Ջաք Դուգլասի հետ: Նա աշխատել է «Աերոսմիթ»-ի Get Your Wings (1974), Toys in the Attic եւ Rocks (1976) ալբոմների, ինչպես նաեւ 2004-ին արտադրված Honkin’ on Bobo բլյուզի հավաքածուի վրա:

«Տղերքը անհամբերությամբ սպասում են հուլիսի երկրորդ շաբաթը Ջաքի հետ ստուդիայում հանդիպելուն», - ասել է «Աերոսմիթ»-ի կիթառահար Ջո Փերին։

Ալբոմը ձայնագրվելու է Մասաչուսեթսում խմբի կառուցած ստուդիայում:

«Աերոսմիթ»-ը վերջին ալբոմը` Just Push Play, 2001 թվականին է թողարկել:

Հոկտեմբերի 22-ին խումբը որոշ ժամանակով ընդհատելու է աշխատանքը ստուդիայում եւ մեկնելու է հյուրախաղերի Հարավային Ամերիկա:

Ջո Փերիի խոսքերով` «Աերոսմիթ»-ը համերգները կշարունակի նաեւ Հյուսիսային Ամերիկայում, բայց միայն այն բանից հետո, երբ կավարտի նոր ալբոմի ձայնագրությունը:
XS
SM
MD
LG