Մատչելիության հղումներ

Մարգահովիտում տուլարեմիայի տարածման պատճառները պարզ չեն


Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում երկու երիտասարդ կանանց մոտ հայտնաբերվել է հատուկ վտանգավորության վարակների շարքին դասվող տուլարեմիա հիվանդությունը:

Առողջապահության նախարարության Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոնն առայժմ ուսումնասիրում է հիվանդության տարածման պատճառը: Կենտրոնը դեռեւս չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես է հարուցիչը կրծողներից փոխանցվել գյուղի բնակիչներին:

Հիվանդության առաջին դեպքն արձանագրվել է այս ամսվա սկզբին:

«Հիվանդներից մեկի վիճակը բավարար է, նա դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսը շարունակում է բուժվել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Կարինե Միրզոյանը:

Նույն հարուցիչով գրեթե նույն ժամանակահատվածում վարակված կանայք միմյանց հետ կապ չեն ունեցել, ու պարզ չէ, թե հիվանդությունը կրծողներից ինչ ճանապարհով է տարածվել մարդու օրգանիզմ՝ ջրի, սննդի, թե միջատների միջոցով:

Հիվանդությանը բնորոշ է ավշային հանգույցների այտուցումը ընդհուպ սեխի չափի: Մահացությունը ցածր տոկոս է կազմում, բայց հիվանդությունը բավական ծանր ընթացք է ստանում: Տուլարեմիան առաջանում է բակտերիայից, որը մարդուն է փոխանցվում հիվանդ կենդանուց: Այն վարակիչ չէ, եւ մարդուց մարդուն չի փոխանցվում:

Մարգահովիտի առողջության կենտրոնի տնօրեն Արամ Նազարյանը չի բացառում, որ հիվանդների թիվն ավելանա գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացմանը զուգընթաց:

Հիվանդության դեմ պատվաստվել է շուրջ 600 մարդ: Սա կազմում է գյուղի բնակչության 15 տոկոսը:

please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG