Մատչելիության հղումներ

Wikileaks-ը ՆԱՏՕ - Հայաստան հարաբերություններին վերաբերող նոր փաստաթուղթ է գաղտնազերծել


Ըստ Wikileaks կայքի գաղտնազերծած հերթական հաղորդագրության, Երեւանում հավատարմագրված ամերիկացի դիվանագետները 2004-ին չէին բացառում, որ Հայաստանը կարող է վերանայել հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:

Այն ժամանակ Երեւանում Միացյալ Նահագների դեսպանության ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը զբաղեցնող Էնթոնի Գոդֆրին անդրադառնում է ՆԱՏՕ-ի` Բավքում նախատեսված զորավարծություների շեմին Հայաստանի իշխանությունում տիրող տրամադրություններին:

«Լավագույն ջանք 2004» անվանումը կրող այդ զորավարժություններին, հիշեցնենք, հայաստանցի սպաների մասնակցությունն ի սկզբանե կասկածի տակ էր դրվում Ադրբեջանի իշխանությունների կողմից:

«Հայաստանի կառավարության առաջատար ներկայացուցիչները «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվելիք «Լավագույն ջանք 2004» զորավարժությունները դիտարկում են որպես ցուցանիշ`արդյոք ՆԱՏՕ-ն եւ մասնավորապես Միացյալ Նահագները, իրականում պատրաստ են աշխատել Հայաստանի հետ: Քանի դեռ Թբիլիսիում Ադբեջանի դեսպանություն` մուտքի արտնագրի համար դիմած հինգ հայաստանցի սպաները զորավարժություններին մասնակցելու թույլտվություն չեն ստացել, հայ պաշտոնյաները` նախագահից մինչեւ արտաքին գործերի նախարար, շարունակելու են ստեղծված կացությունն ընկալել որպես հստակ քննություն ՆԱՏՕ-ի համար», - գրում է Գոդֆրին` նշելով, որ հայաստանյան իշխանությունները ցանկանում են տեսնել`արդյոք դաշինքի ղեկավարությունը ի վիճակի է քաղաքական կամք դրսեւորել եթե Ադրբեջանի ղեկավարությունն արգելի հայ սպաների մուտքը երկիր:

Ամերիկացի դիվանագետը նաեւ նշում է, որ 2004-ի ամռանը Հայաստանի իշխանությունները ակտիվորեն մատնանշում էին այն դրական մոտեցումը, որ պաշտոնական Երեւանը դրսեւորել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի իրականացրած ծրագրերի հանդեպ:

«Հայաստանի կառավարության անդամները հատուկ ընդգծում են, որ թույլ տվեցին Թուրքիայի ներկայացուցիչներին մասնակցել Երեւանում անցկացված «Լավագույն ջանք 2003» զորավարժություններին: Բացի այդ Հայաստանի իշխաությունները հիշեցնում են, որ այդ զորավարժություններին պաշտոնապես հրավիրել էին նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչներին: Հայաստասնի իշխանությունները ակնկալում են, որ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ճնշում կգործադրեն Արդբեջանի նկատմամբ` ստիպելով Բաքվին թույլատրել հայ սպաների մասնակցությունն այդ զորավարժություններին», - գրում է ամերիկացի դիվանագետը:

Հիշեցնենք, որ հայկական կողմի գործադրած այդ ճնշումը ի վերջո որոշակի արդյունքի հանգեցրեց. Ադրբեջանի իշխանությունները այդպես էլ չթույլատրեցին հայ սպաներին մուտք գործել երկրի տարածք, ինչին ի պատասխան զորավարժությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ Եվրոպայում` ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ջեյմս Ջոնսը չեղյալ հայտատարեց դրանց անցկացումը:

Ընդհանուր առմամբ գնահատելով Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները` ժամանակավոր հավատարմատար Գոդֆրին 2004-ի օգոստոսին գրում էր. - «Վերջին ամիսներին լուրջ նշաններ ի հայտ եկան առ այն, որ Հայաստանը հակված է սերտացնել պաշտպանական ոլորտում համագործակցությունը [ՆԱՏՕ-ի հետ]: Հայկական կողմը զարգացնում է «Անհատական գործընկերության ծրագիրը», ինչպես նաեւ համաձայնել է ընդունել պաշտպանական ոլորտի գնահատման առաքելությունը: Հայաստանի իշխանությունները, սակայն, հավատացնում են, որ եթե «Լավագույն ջանք 2004» զորավարժություններն ընթանան առանց Հայաստանի, ապա դա լուրջ հիասթափության կհանգեցնի թե' «Գործընկերություն հանուն խաղաղության» եւ թե' Հյուսիսատլանտյան դաշինքի հանդեպ ընդհանրապես:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG