Մատչելիության հղումներ

«Ղարաբաղյան խնդիրը նաեւ Եվրամիության խնդիրն է»


Եվրահանձնաժողովի կենտրոնակայանը Բրյուսելում
Եվրահանձնաժողովի կենտրոնակայանը Բրյուսելում
Եվրամիությունը պատրաստ է ընդարձակել իր դերակատարությունը ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային ձեւաչափում, ինչպես նաեւ օժանդակել խաղաղության շուրջ համաձայնագրի իրագործմանը, երբ այն ստորագրվի: Այդ մասին չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանում հայտարարեց Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության՝ Արեւելյան գործընկերության հարցերով գլխավոր կառավարիչ Միրոսլավ Լայչակը:

«Իրականում, Լեռնային Ղարաբաղը Եվրամիության հարեւանությամբ գտնվող միակ հակամարտությունն է, որի կարգավորման գործընթացում կառույցը ներկայումս ուղղակիորեն ներգրավված չէ», - հայտարարեց բարձրաստիճան դիվանագետն՝ ընդգծելով. - «Մենք ձգտում ենք ավելի ակտիվ եւ մեծ քաղաքական դերակատարության, այդուամենայնիվ, գիտակցում ենք՝ բանակցությունների այս զգայուն փուլում ձեւաչափի որեւէ փոփոխություն չի նպաստի կարգավորմանը, որին բոլորս ձգտում ենք»:

Ուղղակիորեն ներգրավված չլինելով խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում՝ պաշտոնական Բրյուսելը, միաժամանակ, կարող է դրսից նպաստել եւ կարեւոր լրացումներ կատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործադրած ջանքերին՝ հայտարարեց Լայչակը եւ մանրամասնեց. - «Սեպտեմբերի 1-ից տարածաշրջանում կնշանակվի Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչ, որի հիմնական առաքելություններից մեկն է՝ նպաստել տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Բացի այդ, Եվրամիությունը նաեւ առավել ակտիվ քաղաքական դերակատարություն կստանձնի՝ ամրապնդելով երկխոսությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաեւ նպատակային բանակցություններ անցկացնելով այլ ռազմավարական գործընկերների, ներառյալ՝ Թուրքիայի հետ»:

Ելույթում եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծեց, որ Եվրամիության համար ընդունելի է միայն հակամարտության խաղաղ կարգավորումը, եւ որ պաշտոնական Բրյուսելը մտադիր է շարունակել ջանքերը՝ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու եւ շրջակա տարածքներում զինավարժությունները դադարեցնելու ուղղությամբ:

«Ներկայումս Եվրամիությունը նպաստում է հակամարտության կարգավորմանը 2 միլիոն եվրո ֆինանսական օժանդակությամբ, որը տրամադրվում է հասարակական կազմակերպություններին՝ ժողովուրդների միջեւ դեմ առ դեմ շփումներ իրականացմնելու համար: Այս ծրագիրը առաջին, սակայն կարեւոր քայլ է, որը ճանապարհ կհարթի՝ Եվրամիության կողմից առավել մեծ ներգրավվածության համար», - հայտարարեց Միրոսլավ Լայչակը՝ հավելելով. - «Ղարաբաղյան խնդիրը նաեւ Եվրամիության խնդիրն է, եւ երբ կողմերը համաձայնության գան, պաշտոնական Բրյուսելը պատրաստ է դաշնակիցների հետ համապատասխան օժանդակություն տրամադրել, այդ թվում՝ ետկոնֆլիկտային սցենարներ մշակել՝ ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG