Մատչելիության հղումներ

Արարատ Զուրաբյանը ՀՀՇ-ից դուրս գալու դիմում է գրել


Արարատ Զուրաբյանը ՀՀՇ-ի վարչության նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո, 18-ը հունիսի, 2010թ.
Արարատ Զուրաբյանը ՀՀՇ-ի վարչության նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո, 18-ը հունիսի, 2010թ.
«Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության նախկին ղեկավար, վարչության անդամ Արարատ Զուրաբյանը դիմում է գրել կուսակցությունից դուրս գալու մասին:

Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց ՀՀՇ-ի վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը, հավելելով, որ կուսակցության կենտրոնական գրասենյակը արդեն ստացել է դիմումը:

Դեռ երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վահագն Հայոցյանը բացառել էր Արարատ Զուրաբյանի` ՀՀՇ-ից դուրս գալը, մասնավորապես, ասելով. - «Չեմ կարծում, որ այն մարդը, ով 20 տարի ներդրել է այս երկիրը կառուցելու գործում, հանկարծ մի փուչ պատճառով դուրս գա ՀՀՇ-ից»:

Դեռ անհայտ է, թե ինչ պատճառաբանությամբ է Արարատ Զուրաբյանը լքել կուսակցությունը: Հայոցյանը, այդուհանդերձ, փոխանցեց Զուրաբյանի դիմումից մի հատված, որտեղ վերջինս նշել է, որ այս տարվա փետրվարից ի վեր «չի մասնակցում կուսակցության գործունեությանը եւ հետեւաբար իրեն ՀՀՇ-ից դուրս է համարում»:

ՀՀՇ-ի ղեկավարությունը, մինչդեռ, առայժմ նաեւ ձեռնպահ է մնում որեւէ մեկնաբանություն անել Արարատ Զուրաբյանի կուսակցությունից դուրս կապակցությամբ:

Արարատ Զուրաբյանը ՀՀՇ-ի վարչության նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել մեկ տարի առաջ` 2010 թվականի հունիսին, բայց մնացել էր իբրեւ վարչության անդամ: Փաստորեն ուղիղ մեկ տարի անց լքեց նաեւ կուսակցությունը, եւ չի բացառվում, որ առաջիկայում անդամակցի նորաստեղծ «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությանը, որի նախագահը ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցել էր «Ազատ ժողովրդավարներ»-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, Արարատ Զուրաբյանը առաջիկայում ամենայն հավանականությամբ կհայտարարի նորաստեղծ կուսակցությանը միանալու մասին:

Արարատ Զուրաբյանից բացի վերջին օրերին ՀՀՇ-ից դուրս են եկել մոտ մեկ տասնյակ շարքային անդամներ, ինչպես նաեւ ՀՀՇ վարչության անդամներ, որոնց մի մասը նույնպես միացել է «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությանը:

ՀՀՇ-ն այսօր տարածած հայտարարությամբ անդրադարձել է վերջին օրերին կուսակցությանից շուրջ մեկուկես տասնյակ մարդկանց դուրս գալու խնդրին:

«Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները ՀՀՇ ղեկավար կազմի փոքր մի խմբի միջոցով փորձեցին ազդեցություն գործել ՀՀՇ ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ», - ասված է հայտարարությունում: - «Համագումարին հետեւած շուրջ մեկ տարվա ընթացքում ՀՀՇ շարքերը համալրվեցին մոտ 300 նոր անդամներով: Տասնվեցերորդ համագումարից հետո հիշյալ փոքր խումբը` հիմնականում «Կենտրոն» տարածքային կազմակերպության անդամներ, ըստ էության, դադարեցրեցին իրենց ներգրավվածությունը կուսակցության աշխատանքներին: Կուսակցությունից դուրս գալու նրանց դիմումները սպասվում էին վաղուց, նրանք որոշեցին դա անել հիմա: Հնարավոր է, որ արդեն ստացված դիմումներին ավելանա եւս մեկ - երկու տասնյակ դիմում` դարձյալ հիմնականում «Կենտրոն» տարածքային կառույցի անդամներից:
Հետեւաբար, գործ ունենք ոչ թե ինչ որ նոր երևույթի, այլ մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի ձգձգված ֆորմալ ավարտի հետ»:
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG