Մատչելիության հղումներ

Հայոց եւ վրաց կաթողիկոսները մեկնել են Ջավախք


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Վրաց կաթողիկոս Իլիա Երկրորդը երկուշաբթի օրը այցելեցին Ախալցխա: Քաղաքի կենտրոնում 2 տարի առաջ Թամարա Թագուհու անվամբ կառուցված եկեղեցու բակում հավաքվել էին հազարավոր հայեր ու վրացիներ` դիմավորելու հոգեւոր առաջնորդներին:

Գարեգին Երկրորդը եւ Իլիա Երկրորդը այցելեցին եկեղեցի, մոմեր վառեցին, այնուհետեւ իրենց հայրապետական խոսքով դիմեցին հավաքվածներին:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը դիմելով հայ եւ վրաց ժողովրդին, մասնավորապես, ասաց, որ եկել են ուրախանալու երկու ժողովուրդների եղբայրությամբ. - «Հատկապես հայորդիները առիթ ունեն ցնծալու, բերկրալու, որովհետեւ հարյուր տարիներից ի վեր առաջին անգամ իրենց մեջ ունենում են իրենց Հայրապետին»:

Վեհափառ հայրապետը Սուրբ էջմիածնի ու աշխարհասփյուռ հայերի կողմից ողջույններ ու բարեմաղթանքներ հղեց ջավախահայերին. - «Մենք եկել ենք նաեւ ձեզ մեր գնահատանքը բերելու, որ դուք եղբայրության սիրով, միասին ապրում եք եւ արարում Ջավախքում վրաց ձեր եղբայրների հետ` միաժամանակ զորավոր պահելով ձեր ավանդույթները»:

Ախալցխա քաղաքում այսօր պաշտոնական տվյալներով ապրում է մոտ 20 հազար մարդ: 1990-ական թվականների տվյալներով, բնակչության մոտ 65 տոկոսը հայեր էին: Այսօր գրեթե կիսով չափ նվազել է նրանց թիվը: Շատերը արտագաղթել են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Նրանց քիչ մասը` Հայաստան:

Վաղը Գարեգին Երկրորդ եւ Իլյա Երկրորդ կաթողիկոսները կշարունակեն իրենց հովվապետական այցը Ջավախքի մյուս հայաշատ բնակավայրերում: Կլինեն հայկական եկեղեցիներում ու վանքերում:

Վրացական լրատվամիջոցները տարածել են, թե հայոց եւ վրաց պատրիարքարանների միջեւ գրավոր համաձայնություն է տեղի ունեցել անցած օրերին բարձրացված հարցերի շուրջ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին պաշտոնապես ասաց, որ նման փաստաթոըղթ դեռեւս գոյություն չունի, սակայն կա նախագիծ, որի վրա կողմերը դեռեւս աշխատում են: Այն կընդունվի եւ կհրապարակվի մինչեւ այցելության ավարտը, այսինքն` մինչեւ հունիսի 15-ը:

Հիշեցնեմ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը թե' Վրաստանի նախագահի եւ թե' վրաց պատրիարքի հետ հանդիպումների ժամանակ պահանջել էր իրավաբանական անձի կարգավիճակ տալ հայկական եկեղեցուն Վրաստանում եւ վիրահայոց թեմին վերադարձնել հայկական չգործող եկեղեցիները, նաեւ միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար: Վրացական կողմն իր հերթին բարձրացրել էր Հայաստանում, մասնավորապես, Լոռու մարզում գտնվող 5 վանքերի ու տաճարների հարցը, որոնք, ըստ նրանց, վրացական են:
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG