Մատչելիության հղումներ

Արեւմտյան մամուլը լայնորեն անդրադառնում է Կազանի հանդիպմանը


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 5-ը մարտի, 2011թ.
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 5-ը մարտի, 2011թ.
Հունիսի 25-ին Կազանում ղարաբաղյան խնդրի շուրջ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ նախատեսված հանդիպմանը վերջին օրերին լայնորեն անդրադառնում է արեւմտյան մամուլը:

«Փորձագետները նշում են, որ այդ հանդիպումը փակուղում հայտնված խնդիրը լուծելու լավագույն հնարավորությունն է` վերջին տարիների մեջ», - գրում է հեղինակավոր The New York Times-ը` մանրամասնելով. - «Բանակցություններին մեծամասամբ նոր ազդակ է հաղորդել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով իր ժամանակն ու հեղինակությունն է ներդրել` խնդիրը կարգավորելու համար»:

«Ռուսաստանը նպատակ ունի Կազանում նախատեսված հանդիպման ընթացքում համոզել կողմերին` համաձայնության գալ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ բանակցությունները շարունակվում են արդեն ավելի քան հինգ տարի», - The New York Times-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշեւիչը` հավելելով. - «Համաձայնության գալու կարեւորությունը հստակ ընդգծել են նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները»:

Հեղինակավոր թերթը նշում է, որ նախագահների միջեւ կայանալիք առաջիկա հանդիպման վերաբերյալ Ադրբեջանից բավական լավատեսական կարծիքներ են հնչում, մինչդեռ պաշտոնական Երեւանը առավել զգուշավոր հայտարարություններ է անում:

«Խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները պատերազմի արդյունքում տեղահանված հազարավոր ադրբեջանցիներին հնարավորություն կտան վերադառնալ իրենց բնակավայրեր, եւ այս հարցում Հայաստանի նախագահը պետք է համոզի իր ժողովրդին, որ այդ տարածքներում ապրող էթնիկ հայերը վտանգի չեն ենթարկվելու», - գրում է The New York Times-ը` հավելելով. - «Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահը ստիպված է ապացուցել իր ժողովրդին, որ զիջումների չի գնում տարածքային ամբողջականության հարցում, այն դեպքում, երբ հիմնարար սկզբունքները Լեռնային Ղարաբաղին տալիս են ժամանակավոր ինքնակառավարման կարգավիճակ»:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ կրքերը թեժ են, եւ երկու երկրներում էլ առաջնորդները մեծ ռիսկի են դիմում, եթե պարզվի, որ նրանք զիջումների են գնում», - The New York Times-ին ասել է Կովկասի հարցերով փորձագետ, «Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմ դե Վաալը եւ հավելել. - «Այժմ վտանգավոր պահ է, երբ միգուցե որեւէ բան չի կատարվում, սակայն երկու երկրների ղեկավարներն էլ գլուխները թաքցրել են պատերի ետեւում, մինչդեռ տեղական ընդդիմությունները կատաղի քարկոծում են երկուսին էլ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG