Մատչելիության հղումներ

Թուրքիան պատրաստվում է ընտրությունների


Էրզրում -- Էրդողանը ողջունում է աջակիցներին նախընտրական հանրահավաքի ժամանակ, 10-ը հունիսի, 2011թ.
Էրզրում -- Էրդողանը ողջունում է աջակիցներին նախընտրական հանրահավաքի ժամանակ, 10-ը հունիսի, 2011թ.
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն իր քարոզարշավն ավարտեց Երեւանից ընդամենը 60 կիլոմետր հեռավորության վրա` Արարատի հարավային լանջին գտնվող Աղրը քաղաքում, որտեղ բնակչության մեծամասնությունը քրդեր ու ադրբեջանցիներ են։

Կուսակցության առաջնորդը` վարչապետ Ռեջեփ Էրդողանը, իր վերջին նախընտրական հանրահավաքի ընթացքում դիմելով Թուրքիայի ամենաաղքատ շրջաններից մեկի բնակիչներին, հայտարարեց. - «Մենք վերջին 9 տարվա ընթացքում ամեն ինչ արեցինք, որպեսզի բարելավենք երկրի շարքային բնակչության վիճակը: Մեր կառավարության հիմնական նպատակը մարդկանց ծառայելն էր»:

Էրդողանը հենց Հայաստանին սահմանակից այս շրջանում տվեց իր վերջին նախընտրական հարցազրույցը: Թուրքիայի ամենահեղինակավոր հեռուստաալիքներից մեկի` NTV-ի մի քանի առաջատար մեկնաբանները հատուկ մեկնել էին Աղրը՝ վարչապետի հետ բացառիկ հարցազրույց անցկացնելու նպատակով։ Էրդողանն այս հարցազրույցում հիմնականում խոսեց քրդական խնդրից, Սիրիայում ստեղծված իրավիճակից, քննադատության ենթարկեց Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուին։

Իսկ ընդդիմության առաջնորդն իր քարոզարշավն ավարտեց բավական տպավորիչ քայլով՝ մեկնելով հակակառավարական կատաղի ելույթների թատերաբեմ դարձած Հոպա քաղաք։ Այս քաղաքում, որը համարվում է իսլամացած համշենահայերի, ինչպես նաեւ ձախակողմյան ուժերի համակիրների կենտրոն, Քիլիչդարօղլուն նախ հանդիպեց Էրդողանի այցի ժամանակ ծագած ընդհարումների ընթացքում զոհված ուսուցչի ընտանիքին, ապա բազմամարդ հավաք անցկացրեց նույն այն վայրում, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ կախված էր «Էրդողան, հեռացիր Հոպայից» կարգախոսը։

«Կան գործիչներ, որ ձեր քաղաք են գալիս եւ այն վերածվում է ռազմի դաշտի։ Իսկ մեր այցելությունը Հոպա կարծես տոնախմբություն լինի», - հայտարարեց Քիլիչդարօղլուն, հույս հայտնելով, որ այս շրջանից ընտրվող երկու պատգամավորներն էլ հենց իր կուսակցության անդամներն են լինելու։

Այսօր արդեն Թուրքիայում լռության օր է։ Առավոտյան թերթերում քաղաքական գովազդ դեռ առկա էր, սակայն երեկոյան ժամը վեցից ողջ քարոզչությունը լրատվամիջոցներում արգելվում է: Իսկ վաղն առավոտյան 7-ին դռները կբացեն երկրի արեւելյան շրջաններում գտնվող ընտրատեղամասերը։ Դրանից մեկ ժամ անց քվեարկությունը կմեկնարկի նաեւ երկրի կենտրոնական ու արեւմտյան նահանգներում՝ այդ թվում մայրաքաղաք Անկարայում եւ Ստամբուլում։

Ընդհանուր առմամբ քվեարկելու իրավունք ունի մոտ 50 միլիոն մարդ երկրի ներսում եւ եւս երկուսուկես միլիոնը արտերկրում։

Փորձագետների կարծիքով քվեարկության մասնակցության ցուցանիշը կարող է գերազանցել նախորդ ընտրություններին արձանագրված 84 տոկոսը։

Թուրքիայի գերագույն ընտրական խորհուրդը մի շարք սահմանափակումներ է մտցրել, որոնց նպատակն է կանխել հնարավոր լարվածությունը քվեարկության ընթացքում։ Դրանցից թերեւս ամենաանսպասելին՝ կիրակի առավոտյան ժամը վեցից երկրի ողջ տարածքում ալկոհոլային խմիչքների վաճառքի վրա դրված արգելքն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG