Մատչելիության հղումներ

Ալիեւի համոզմամբ, սա Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման «վերջին հնարավորությունն է»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման համար այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել:

Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, Իլհամ Ալիեւը այդպիսի հայտարարություն է արել Սլովենիա կատարած այցի ժամանակ:

«Համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որը տարածվեց մայիսի վերջին, շատ լուրջ ազդակ էր», - նշել է Ալիեւը` հավելելով, որ մի շարք դրույթներով այն ամբողջովին բխում էր Ադրբեջանի շահերից։

Նախ, ըստ Ալիեւի, համատեղ հայտարարությունը անընդունելի է համարում ներկայիս ստատուս քվոն, ինչի մասին բազմիցս հայտարարել է նաեւ պաշտոնական Բաքուն։

«Մենք եւս տարիներ շարունակ պնդել ենք, որ ստատուս քվոն պետք է փոխվի, օկուպանտ ուժերը պետք է դուրս գան գրավյալ տարածքներից, եւ այս առումով Դովիլում ընդունված հայտարարությունը մեզ էլ ավելի է ոգեւորում ու հուսադրում», - հայտարարել է Ալիեւը։

«Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ համատեղ հայտարարության մեջ երեք երկրների նախագահները հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտը, որտեղ որեւէ հակասություն չկա տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման միջեւ», - ասել է Ադրբեջանի նախագահն ու մանրամասնել, - «այսինքն, այդ երկու սկզբունքները պետք է արտացոլվեն մեկ համաձայնագրում, եւ ես կարծում եմ, որ դա շատ դրական երեւույթ է»։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին` Ալիեւն ասել է, թե յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի, որը ճանաչված է ՄԱԿ–ի կողմից, սակայն Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է:

«Հենց այդ պատճառով արդեն 19 տարի է՝ Ադրբեջանը բանակցություններ է վարում, որոնք, սակայն, որեւէ արդյունք մինչ օրս չեն տվել: Հենց որ որոշակի փուլում կողմերի սկզբունքներում մերձեցում է նկատվում, հայկական կողմը նահանջ է արձանագրում, եւ դրանով իսկ ըստ էության խափանում բանակցությունները»,- հայտարարել է Ալիեւը եւ ընդգծել. - «Իմ համոզմամբ, ներկայումս՝ այս փուլում քննարկվող տարբերակը, խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունն է, որը մենք պետք է օգտագործենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG