Մատչելիության հղումներ

«Երեւան ջուր»-ը բացառում է ջրում աղիքային ցուպիկի առկայությունը


«Երեւան ջուր» ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյան
«Երեւան ջուր» ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանն ցավում է աղիքային ինֆեկցիայով հիվանդանոցում հայտնված Նուբարաշենի 57 բնակիչների համար որպես համաքաղացի, բայց ոչ այն պատճառով, որ «Երեւան Ջուր»-ը իր մեղքի բաժինն ունի այդ մարդկանց առողջությանը վնաս հասցնելու գործում:

Գլխավոր դատախազությունը Նուբարաշեն թաղամասի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել` անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ վաճառելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու հատկանիշներով: Դատախազությունը, նախնական ուսումնասիրության վրա հիմնվելով, վարակի աղբյուրը ջուրն էր համարում, սակայն փորձաքննությունը դեռ չի ավարտվել ու թե ով է կրելու պատասխանատվությունը, առայժմ հայտնի չէ:

Երեկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ դեպքի առթիվ հրավիրվել էր օպերատիվ խորհրդակցություն, որի արդյունքում որոշվել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները, «թունավորման դեպքի կատարման մեջ մեղավոր անձանց անհատականացնելու եւ նրանց գործողություններին համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ»:

«Երեւան ջուր»-ը, մինչդեռ, շարունակում է պնդել, որ հունիսի 3-ից մինչեւ այսօր Նուբարաշեն 11 փողոցին մատակարարվող ջրից վերցված փորձանմուշներում շեղումներ չեն արձանագրվել` քլորը եղել է եւ կա անհրաժեշտ քանակությամբ, ինչն էլ բացառում է աղիքայի ցուպիկի գոյությունը այդ ջրում: Սակայն, ինչպես բնակիչներն էին պնդում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, դեպքը արձանագրվել էր հունիսի 2-ի երեկոյան:

Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Երեւան ջուր» ընկերության լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանն ասել էր, որ հնարավոր է` վարակը տարածվել է ջրի միջոցով, բայց դա չի նշանակում, որ ջուրն է վարակված եղել: Մինչ այդ էլ ընկերության գլխավոր տնօրենը մտահոգություն էր հայտնել, որ ջրագծերը հին են, ինչը արդեն ջրի որակի ապահովման հարցում մեծ խնդիր է:

«Երեւան ջուր»-ը ցանցի եւ ծառայությունների բարելավման ուղղությամբ ներդրել է 40 մլն ԱՄ դոլար եւ փոխարինել 50 կմ խողովակաշար: Ջրամատակարարման ցանցը Երեւանում կազմում է 2120 կմ: Գագիկ Մարգարյանի խոսքով` ամբողջությամբ ցանցը վերակառուցելու համար հարկավոր է 600 մլն ԱՄՆ դոլար:
Վերջին տվյալներով` 1 ժամում ջրի կորուստը կազմում է 37 561 խորանարդ մետր: Գագիկ Մարգարյանի խոսքով` դա 21 ժամվա ջրամատակարարման ընդհանուր ծավալի 82 տոկոսն է:

Հարցին, թե ո՞վ է վճարում կորուստ տված ջրի համար, Գագիկ Մարգարյանը պատասխանեց. - «Սակագնի հաշվարկի մեջ մասնակցում են բոլոր էլեմենտները, որի մեջ մտնում է եւ վաճառված ջրաքանակը, եւ ջրառի մեծությունը եւ հավաքագրման տոկոսը եւ եվրո/դրամ փոխհարաբերությունը եւ այլն: Եթե ջրառը եւ վաճառքը ներառված են, բնականաբար, կորուստի որոշակի մասնիկ էլ սակագնում ներառված է»:

«Երեւան ջուր» ընկերության ներկայացուցիչը հիշեցրեց, որ չնայած կորուստի այդ ծավալին, ջրի սակագինը կիջնի եւ եթե հիմա ջրամատակարարման-ջրահեռացման սակագինը 1 խ/մ-ի համար կազմում է 181 դրամ, հուլիսի 8-ից այն կկազմի 175 դրամ:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG