Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը սկսեց իր այցելությունը Վրաստան


Վեհափառը սկսեց իր այցելությունը Վրաստան
please wait

No media source currently available

0:00 0:02:56 0:00
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ուրբաթ օրը սկսեց իր առաջին միջեկեղեցական եւ հովվապետական վեցօրյա այցելությունը Վրաստան:

Վեհափառին հայ - վրացական սահմանագծին դիմավորեց Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատիրարք Իլիա երկրորդը։

Սահմանի վրացական կողմում, անմիջապես մաքսակետի մոտ Հայաստանի եւ Վրաստանի դրոշներով երկու երկրների հոգեւոր առաջնորդներին դիմավորելու էին եկել բնակիչներ, ինչպես մոտակա հայկական բնակավայրերից, այնպես էլ Թբիլիսիից: Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական իր խոսքն ուղղեց ներկաներին, կոչ անելով հավատի եւ միաբանության:

Վեհափառը կոչ արեց «այդ աստվածաշնորհ հատկանիշներով ծառայել Հայաստանին եւ Վրաստանին»: Այնուհետեւ Գարեգին երկրորդ Իլիա երկրոդի ուղեկցությամբ ուղեւորվեց Թբիլիսի, որտեղ հասնելուն պես պաշտոնական ընդունելություն տեղի ունեցավ Սուրբ Երրորդություն տաճարում:

Երեկոյան հոգեւոր առաջնորդներին ընդունեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։

Այս այցելությունից ու նաեւ պաշտոնական ընդունելությունից հայ համայնքը մեծ ակնկալիքներ ունի: Մասնավորապես, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասաց` հույս ունեն, որ կքննարկվեն հայ պատմական 6 եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու եւ դրանց ֆիզիկական վիճակին վերաբերող հարցերը: Վրաստանում կա չգործող հայկական 6 եկեղեցի, որոնք փլուզման եզրին են: Խոսքը վերաբերում է հատկապես Թբիլիսիի Նորաշեն եւ Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցիներին: Վիրահայոց թեմի առաջնորդն ասում է, սակայն, որ այս եկեղեցիները վերանորոգելու իրավունք հայ համայնքը այսօր չունի:

Վիրահայոց թեմին հուզող երկրորդ հարցը Վրաստանում հայկական եկեղեցու կարգավիճակն է: Այսօր ինչպես հայկական, այնպես էլ այլ ազգային փոքրամասնությունների եկեղեցիները, Վրաստանում չունեն իրավաբանական անձի կարգավիճակ: Այսինքն, ճանաչված չէ եկեղեցիների իրավական գոյությունը, ինչն էլ հենց դժվարություններ է ստեղծում հայկական եկեղեցիների պատմական ժառանգության հարցում:

Հայոց Վեհափառի այցելությունը Վրաստան նախատեսված էր դեռ անցած տարվա հունիսին, սակայն այն 3 անգամ հետաձգվել է հրավիրող կողմի խնդրանքով: Թեեւ տարբեր քաղաքական ենթատեքստեր վերագրվեցին այդ հետաձգումներին, պաշտոնապես որպես պատճառ նշվեց Վրաց պատրիարքի առողջական վիճակը:

Հունիսի 12-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ կվերաօծվի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցին, Այնուհետեւ հունիսի 13-15-ը Վեհափառը, Վրաց պատրիարքի ուղեկցությամբ, Թբիլիսիից կմեկնի Ջավախք, ուր կայցելի հայաշատ համայնքներ:

Վեհափառին այցի ընթացքում ուղեկցում են բարձրաստիճան հոգեւորականներ, մտավորականներ:
please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG