Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան. «Երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ»


Լեւոն Տեր-Պետրոսյան
Լեւոն Տեր-Պետրոսյան
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրել է իր վերաբերմունքը պատվիրակությունների մակարդակով Կոնգրեսի եւ իշխանության միջեւ երկխոսության գաղափարի նկատմամբ իշխող Հանրապետական կուսակցության դրսեւորած մերժողական կեցվածքին:

«Որոշումների կայացման (decision making) գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որեւէ նշանակություն չունի: Հետեւաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որեւէ բան ասել», - հայտարարել է Տեր-Պետրոսյանը` հավելելով. - «Միայն պետք է նկատի ունենալ, որ երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ: Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեեւ քաղաքական տեսակետից շահի: Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը: Իսկ մեծ հաշվով մենք բոլորս, այսինքն` երկիրն ու ժողովուրդը»:

«Մենք մեր քայլը կատարել ենք, որի ճշգրտությանը, հակառակ «անկախ վերլուծագանգերի» գնահատականներին, մազաչափ անգամ չենք կասկածում: Մնացյալը ոչ թե մեր, այլ իշխանության գլխացավանքն է: Ուզում են` թող երկխոսեն, չեն ուզում՝ մեղքը իրենց վիզը», - եզրափակել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Արձագանքելով Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի այս հայտարարությանը` նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ, պատգամավոր Արտակ Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Հանրապետականը, ի դեմս իր խոսնակի, այս հարցի շուրջ իր դիրքորոշումն արդեն արտահայտել է:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովի տարածած հայատարությունը կարելի է ընդունել իբրեւ Սերժ Սարգսյանի դիրքորոշում, Արտակ Զաքարյանը պատասխանեց. - «Բնականաբար կուսակցության ղեկավարի հետ համաձայնեցված է կուսակցության դիրքորոշումը»:

Ինչ վերաբերում է ընդդիմության առաջարկին, ապա, Արտակ Զաքարյանի խոսքերով, դա կառուցողական առաջարկ չէ:

«Երկխոսության այն միակ ձեւը, որը առաջարկում է ՀԱԿ-ը, դա նշանակում է ի սկզբանե չցանականալ գնալ երկխոսության: Որովհետեւ նրանք հատուկ ընտրել են երկխոսության մի տարբերակ` հստակ իմանալով, որ դա անընդունելի է, եւ ընտրել են մի թեմա [արտահերթ ընտրություններ]` հստակ հասկանալով, որ դա այսօր իլյուզիա է: Եթե այսպես շարունակվի, ապա կարծում եմ, որ դա հատուկ արված է հենց այդ նպատակով¸ որպեսզի եւս մեկ անգամ փորձեն իշխանություններին մեղադրել, թե ընդդիմությունը ուզում էր գնալ երկխոսության, իսկ իշխանությունը նույնիսկ երկխոսելու ցանկություն չունի», - հայտարարեց հանրապետական պատգամավորը:
please wait

No media source currently available

0:00 0:03:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG