Մատչելիության հղումներ

Գյումրեցիները հետաձգեցին Մինասի որմնանկարի տեղափոխումը


Մինաս Ավետիսյան
Մինաս Ավետիսյան
Գյումրիում չեն հանդարտվում Մինաս Ավետիսյանի որմնանկարների տեղափոխման շուրջ բորբոքված կրքերը: Գյումրեցիները այն բանից հետո, երբ մասնագետները հատուկ մշակումից հետո պատից պոկած «Թել են մանում» որմնանկարը ուզում էին տեղափոխել Երեւան, կարողացան հետաձգել դա:

Գյումրեցի արվեստագետները եւ այլ գյումրեցիները, ովքեր ականավոր նկարչի որմնանկարների տեղափոխումը կանխելու համար հատուկ հանձնախումբ են ստեղծել, պնդում են, որ նրա գործերը պատկանում են Շիրակի մարզին, քանի որ նա ծնունդով Շիրակի Ջաջուռ գյուղից է: Նրանք ասում են, որ պայքարելու են, որ որմնանկարների տեղափոխման վերաբերյալ կառավարության որոշումը չեղյալ հայտարարվի:

Հանձնախմբի անդամները «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի ներկայացուցիչներին առաջարկում, նաեւ գրավոր ուղղված նամակով պահանջում են, որ որմնանկարների վերականգնողական աշխատանքների բոլոր փուլերը շարունակվեն Գյումրիում` մինչ այդ փորձելով խնդրին լուծում գտնել:

Ապրիլին ընդունված կառավարության որոշմամբ` Մինաս Ավետիսյանի «Երկանք» որմնանկարը պետք է տեղափոխվի «Զվարթնոց» օդանավակայանի նախագահական համալիր, իսկ «Թել են մանում»-ը` օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի մեկնման սրահ: Վերականգման եւ տեղափոխման աշխատանքները արվում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի միջոցների հաշվին: Ավելի վաղ Գյումրիից կառավարության շենքի նիստերի դահլիճ էին տեղափոխվել Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» եւ «Խաչքարի մոտ» որմնանկարները:

Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը, ով ղեկավարում է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը, գյումրեցիների առաջարկը փոխանցել է Մշակույթի նախարարությանը եւ քանի որ, իր խոսքով, ինքը իրավասու չէ նման որոշում կայացնելու, սպասում էր նախարարության ներկայացուցչի այցին:

«Ցավոք սրտի, մենք որոշում կայացնող չենք, մենք կարող ենք համաձայնվել կոնկրետ աշխատանք անել, կամ` ոչ: Ես իմ կողմից` որպես «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ, առաջարկ արեցի, որ Երեւանից գա Մշակույթի նախարարության ներկայացուցիչ, որը իրավաբանական հարցեր լուծելու լիազորություն ունենա, եւ գոնե այստեղ նախնական ինչ-որ համաձայնության գանք աշխատանքների շարունակման ուղղությամբ, թե որտեղ է նպատակահարմար` Գյումրիում, թե Երեւանում: Հուսով եմ, դրանից հետո ավելի պարզ իրավիճակ կստեղծվի», - ասաց Արման Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Նախարարության ներկայացուցիչն այսօր Գյումրի չեկավ, սակայն Գյումրիից պատվիրակություն մեկնեց Երեւան` Մշակույթի նախարարի հետ բանակցելու: Մինչ այդ արդեն տեղափոխման պատրաստ «Թել են մանում» որմնանկարը, որը երեք մասի էր բաժանվել եւ հատուկ տեխնոլոգիական մշակում անցել, փաթաթեցին եւ ի պահ տվեցին գործարանի պահեստում: Մյուս` «Երկանք» որմնանկարը հավանաբար վաղը պատից կպոկվի:
Պահեստի դուռը կողպեցին հանձնախմբի կողմից բերված կողպեքով:

Արման Ավետիսյանը նկատեց, որ եթե բանակցությունների արդյունքում հնարավոր լինի հասնել նրան, որ որմնանկարները չտեղափոխվեն, ապա այստեղ առաջ է գալիս ֆինանսական փոխհատուցման խնդիր:

«Մենք պարտավորություն ունենք պատվիրատուի նկատմամբ: Արվել է մեծ նյութական ներդրում, եւ այդ ծախսերը պիտի վերադարձվեն պատվիրատուին, եթե որոշում կայացվի որմնանկարները Գյումրիում թողնելու վերաբերյալ», - ասաց նա:

Հանձնախմբի ներկայացուցիչները հավաստեցին, որ նյութական փոխհատուցման հարցի առաջ գալու դեպքում իրենք պատրաստ են համայնքի աջակցությամբ այդ խնդիրը լուծել:

please wait

No media source currently available

0:00 0:04:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG