Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը ցանկանում է հասկանալ` ով է երկխոսության ձախողման պատասխանատուն


ՀԱԿ ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյան
ՀԱԿ ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյան
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանըի խոսքով` իրենք ցանկանում են հասկանալ, թե ով է կրում ՀԱԿ-իշխանություն երկխոսության ձախողման պատասխանատվությունը:

Այդ մասին ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ասաց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում` մեկնաբանելով ՀԱԿ-ից հնչող արձագանքը, թե իրենք չեն ցանկանում մեկնաբանել իշխանական տարբեր պաշտոնյաների ասածները եւ սպասում են պատվիրակություն ձեւավորելու, երկխոսություն սկսելու վերաբերյալ գործող իշխանության` ի դեմս Սերժ Սարգսյանի պատասխանին:

Խոսքը հատկապես Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությանն է վերաբերում, որտեղ նախագահականի ներկայացուցիչը անընդունելի էր որակել երկխոսության համար պատվիրակություն ձեւավորելու եւ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու ՀԱԿ-ի առաջարկը: Հայտարարությունը, ի դեպ, տարածել էր նախագահականի մամուլի ծառայությունը: Այս հայտարարությանը նախորդել էին նաեւ իշխող Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչների գնահատականները, որոնք բացառել էին արտահերթ ընտրությունների շուրջ ընդդիմության հետ երկխոսելու հնարավորությունը:

«Եթե իշխանությունը հրաժարվում է երկխոսությունից, ուրեմն Սերժ Սարգսյանը պետք է ցուցաբերի բավարար կամք, համարձակություն եւ ինքը հայտարարի, որ մենք հրաժարվում ենք երկխոսությունից եւ իր վրա վերցնի դրա բոլոր հնարավոր քաղաքական հետեւանքները: Վերջին շրջանում Սերժ Սարգսյանին շատ են պատվել համարձակ, խիզախ էպիտետներով, բայց մենք շատ տարօրինակ մի տեսարանի ենք ականատես լինում, երբ Սարգսյանը ուղղակի թաքնվում է Էդիկ Շարմազանովի, Գալուստ Սահակյանի եւ Կարեն Կարապետյանի հետեւում: Բայց շատ ավելի կարեւոր է, որ Սերժ Սարգսյանի ինքը հաստատի, որ կրում է այդ պրոցեսի ձախողման պատասխանատվությունը: Հետագա զարգացումների համար, նաեւ պատմական առումով շատ կարեւոր է, որ մենք հստակեցնենք պատասխանատուին», - ասաց Փաշինյանը:

Փաշինյանը պնդում է, որ ՀԱԿ-ը փակուղի մտնելու առաջ չէ, խնդիր չունի լուծարել իր ձեւավորած պատվիրակությունը եւ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում անելիք ունի:

«ՀԱԿ-ը երկխոսությամբ, թե առանց երկխոսության պետք է շարունակի, պետք է հետամուտ լինի Հայաստանը ավազակապետությունից ազատելու գործին: Որեւէ պարագայում ՀԱԿ-ի անելիքը չի փոխվում: Փոխվում են ընդամենը նրբությունները», - ասաց Փաշինյանը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ վստահեցրել էր, որ Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են շահագրգիռ քննարկման եւ համատեղ լուծումների տնտեսական, սոցիալական, քաղաքական աշխարհաքաղաքական եւ ցանկացած այլ ոլորտի վերաբերյալ ՀԱԿ-ի բոլոր առաջարկների շուրջ, «քանի հոգանոց խմբով էլ ներկայացվեն»: Շարմազանովը նաեւ վստահեցրել էր, որ պատրաստ է ՀԱԿ-ի անունից Ազգային ժողովում հնչեցնել բոլոր այն առաջարկները, որոնք, իրատեսական լինելով, կօգնեն հայ ժողովրդի հոգսերն օր առաջ թեթեւացնելու գործին:

Հարցին, թե արդյո՞ք կօգտվեն իշխանության ընձեռած հնարավորությունից, Փաշինյանը երկխոսության եւ հարցեր քննարկելու պատրաստակամության մասին իշխանության ներկայացուցիչների հնչեցրած հայտարարությունները «մերկապարանոց» եւ «ձեւական» որակեց: - «Հետաքրքիր առաջարկ էր դա, բայց պարզվեց, երբ լրատվամիջոցներից մեկը այսօր [ՀՀԿ փոխնախագահ] Գալուստ Սահակյանից փորձել էր պարզել, թե արդյո՞ք իրենք Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնեն ՀԱԿ-ի, ասենք, Սերժ Սարգսյանի իմպիչմենտի առաջարկը, պարզվեց, որ նրանք այդքան էլ պատրաստ չեն»:

Նախագահականի մամուլի ծառայությունը այսօր չպատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կարձագանքի իշխանություն-ընդդիմություն բանակցությունների թեմային, թե` ոչ:

please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG