Մատչելիության հղումներ

Կինոյի գործիչները գոհ են Կաննի կինոշուկայի արդյունքներից


Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյան
Կանն մեկնած հայ կինոգործիչները հավաստիացնում են, որ Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում բավական արդյունավետ աշխատանքային գործընթաց է եղել արտասահմանյան պրոդյուսերների եւ կինոընկերությունների հետ:

Ինչպես չորեքշաբթի կայացած ասուլիսում տեղեկացրեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, այդ աշխատանքի արդյունքում Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական ֆիլմի համար կնքվել է համաշխարհային դիստրիբյուցիայի պայմանագիր 5 տարի ժամկետով ֆրանսիական «Ինսոմնիա ուորդ սեյլս» ընկերության հետ: Երկու համատեղ այլ պայմանագրեր էլ ստորագրվել են չեխական «Բարանդով» եւ ուկրաինական «Ինտերֆիլմ» ստուդիաների հետ:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը այսօր ասում էր, թե պետությունը փորձում է ստեղծել նպաստավոր պայմաններ Հայաստանում կինոարտադրությունը զարգացնելու, ինչպես նաեւ հայկական կինոն աշխարհում տարածելու համար:

Չնայած դրան Հայաստանում այսօր չկա կինոյի տարածման ցանց, որը նպաստում է կինոյի զարգացմանը: Այժմ մեկ կինոթատրոն է գործում Երեւանում, մեկն էլ Գյումրիում: «Նաիրի» կինոթատրոնը սեփականաշնորհվել է, իսկ բոլորովին վերջերս էլ «Մոսկվա» կինոթատրոնը դադարեցրեց «Նաիրի» կինոթատրոնի վարձակալությունը անշահութաբերության պատճառով:

Հարցին, թե արդյո՞ք Ազգային կինոկենտրոնը չի պատրաստվում ինչ-որ քայլեր անել «Նաիրի» կինոթատրոնը պահպանելու համար, Գեւորգ Գեւորգյանը պատասխանեց. - «Մենք հիմա բանակցություններ են վարում «Նաիրի» կինոթատրոնի ղեկավարության հետ, իհարկե, ամբողջ շենքը մեզ չեն տրամադրի, այլ դահլիճի մի մասը, որտեղ պիտի կինո ցուցադրվի: Մենք շուտով պայմանագիր կսորագրենք եւ կփորձենք աշխատեցնել կինոթատրոնը»:

Գեւորգյանի խոսքով` այդ դահլիճում կցուցադրվեն համաշխարհային, հայկական, մանկական եւ այլ ֆիլմեր:

Գեւորգյանը այսօր նաեւ հաստատեց այն լուրերը, որ Ազգային կինոկենտրոնը այս տարի առաջին անգամ կանցկացնի կինոյի ազգային մրցանակաբաշխություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG