Մատչելիության հղումներ

«Լեհաստանի փորձը կարող է օգտակար լինել»


Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկի
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկի

«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին խոսել է Եվրամիությունում նախագահելու օրակարգի մասին։

Լեհաստանի արտաքին գործոց նախարար Ռադոսլավ Սիկորսկին ասել է, որ Եվրոպական Միության Խորհուրդը նախագահելու կիսամյակում Վարշավան առաջնահերթ է համարելու արեւելյան հարեւանության նախաձեռնության, Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում դեմոկրատիայի ամրապնդման խնդիրները։


Եվրամիությունը նախագահող պետությանն ընձեռում է Խորհրդի օրակարգը ձեւավորելու եւ առաջ տանելու բացառիկ հնարավորություն։


Սիկորսկու փոխանցմամբ, Լեհաստանն այդ կիսամյակում իր ամբողջ ազդեցությունը կբանեցնի արեւելյան գործընկերության հետ Միության կապերն ամրապնդելու համար։

Բայց նախ հարցազրույցում նա անդրադարձել է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող Լիբիային, ասելով, որ ինքը այցելել է Բենգազի, որտեղ երեք խորհրդակցություն է անցկացրել եւ նկատել, որ 22 տարի առաջ Լեհաստանում մոտավորապես նույն կացությունն էր։

Սիկորսկին ասել է, որ Լիսաբոնի համաձայնագրի ընդունմամբ Եվրամիության նախագահությունն այլեւս առաջնորդողի դեր չունի արտաքին քաղաքականության ասպարեզում։ Դա վերապահված է Խորհրդի նախագահին եւ արտաքին քաղաքականության պատասխանատուին։

«Բրիտանիան Եվրոպայում ռազմական ամենահզոր ուժն է, Ֆրանսիան երկրորդն է, այդ երկրներն էլ Լիբիայում ռազմական հարցերն առաջ են տանում, Գերմանիան ամենահզորն է տնտեսության առումով, ուստի, Գերմանիան է տնտեսական պատժամիջոցները նախաձեռնել», – պարզաբանել է Սիկորսկին։

Լեհաստանի արժեքն էլ անցումային շրջանում ձեռք բերած հաջողությունն է, իր այդ փորձը կարող է օգտակար լինել Լիբիայում դեմոկրատիան ամրապնդելու համար։

«Փաստորեն Եվրամիության յուրաքանչյուր երկիր կարող է իր նպաստը բերել», - ասել է Ռադոսլավ Սիկորսկին։

«Մեր կարծիքով, պետք է Արաբական գարնան դասերը քաղել։ Ես առաջարկել եմ ստեղծել Դեմոկրատիայի եվրոպական հիմնադրամ, որը հիմնված կլինի կոմունիզմի դեմ մեր պայքարում արդյունավետությունն ապացուցած ամերիկյան մոդելի վրա»,- ասել է Լեհաստանի արտգործնախարարը։

Խոսելով Արեւելյան գործընկերության ծրագրի մասին, նա ասել է, որ դրա նպատակն է ծրագրում ընդգրկված վեց երկրներին մոտեցնել Եվրամիությանը, բայց եթե որեւէ երկիր, օրինակ, Բելառուսը, դա չի ցանկանում, բնականաբար, ծրագիրը չի աշխատում։

Լեհաստանը եւ Շվեդիան են Արեւելյան գործընկերության նախաձեռնող երկրները։ Գործընկերության գագաթնաժողովը պետք է անցկացվեր մայիսի 27-ին Հունգարիայում, սակայն հետաձգվել է եւ տեղի կունենա երկրորդ կիսամյակում` Լեհաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG