Մատչելիության հղումներ

Հաշմանդամների մարզական փառատոն Երեւանում


Հունիսի 7-9-ը «Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությունն իրականացնում է հաշմանդամների հանրապետական 9-րդ մարզական փառատոնը, որին մասնակցում են մոտ 90 հաշմանդամ մարզիկներ` Երեւանից եւ տարբեր մարզերից:

Մարզական փառատոնի շրջանակներում ներկայացված են վեց մարզաձեւեր` լող, ծանրամարտ, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ եւ թենիս: Անցած տարվա մարզաձեւերին այս տարի ավելացել է եւս մեկը` բոչիան, որը խաղ է ծանր հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Փառատոնի մրցույթին մասնակցում են 16 տարեկանից բարձր մարզիկներ, ներկայացված թիմերի 60%-ը մարզերից են:

Այս տարվա պետական ֆինանսավորումը կազմել է 3 մլն դրամ, ինչն ըստ
Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի, չի բավարարում անգամ նվազագույն ծախսերը հոգալուն:

Պարալիմպիկ մարզական փառատոնին ներկա էր նաեւ Հայաստանում Միացյալ թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, ով հույս հայտնեց, որ հայաստանցի մարզիկներին կտեսնի հաջորդ տարի Լոնդոնում կայանալիք պարալիմպիկ խաղերին:

Մարզական ծրագրին զուգահեռ իրականացվում են նաեւ մշակութային ծրագրեր, կազմակերպվում է «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղ` հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ:

Հաշմանդամների հանրապետական 9-րդ մարզական փառատոնը կամփոփվի հունիսի 9-ին, յուրաքանչյուր մարզաձեւի համար սահմանված է մրցանակային 3 տեղ: Հաղթողներին կտրվեն դրամական պարգեւներ ու պատվոգրեր:

XS
SM
MD
LG