Մատչելիության հղումներ

ԼՂ վարչապետը կոչ է անում օգտագործել տեղական հումքը


ԼՂ վարչապետ Արա Հարությունյան
ԼՂ վարչապետ Արա Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի վարչապետը շինարարական ոլորտի պատասխանատուներին կոչ է անում օգտագործել տեղական հումքը, մասնավորապես փայտանյութը:

Վարչապետ Արա Հարությունյանի խոսքով` քանի որ վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում աճել են շինարարության տեմպերը, հետեւաբար անհրաժեշտ է օգտագործել տեղական հումք: Վարչապետը շինարարության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ կենտրոնացավ հատկապես փայտանյութի արտադրության վրա:

«Ղարաբաղում կա մոտ 300 հազար հա անտառածածկ տարածք, որը ճիշտ արտահանում կամ ճիշտ արտադրական աշխատանք կատարելու դեպքում թույլ է տալիս ունենալ մի քանի 100 հազար խորանարդ մետր փայտ, իսկ ամբողջ փայտանյութը ներկրել, կախվածության մեջ լինելը անթույլատրելի է», - ասաց ԼՂ վարչապետը:

Վարչապետը Քաղաքաշինության նախարարությանը հանձնարարել է հետեւել այդ գործընթացին, այսինքն վերահսկել շինարարական կազմակերպություններին` համոզվելու համար, թե ով կհետեւի վարչապետի հորդորին եւ հակառակը:

«Քանի որ ձեր հիմնական պատվիրատուն կառավարությունն է, նաեւ հաճախ աշխատում եք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, նրանց հետ էլ նույն պայմանավորվածությունը ձեռք բերվել, խնդրում ենք հարգել այն», - ասաց Արա Հարությունյանը:

ԼՂ վարչապետի մոտ տեղի ունեցած այս խորհրդակցության ընթացքում շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները ակնարկեցին այն մասին, որ տեղական արտադրանքի որակի ապահովման խնդիր կա: Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով` նախ պետք է նոր տեխնոլոգիաներ ներմուծվեն` արտադրանքը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար:

please wait

No media source currently available

0:00 0:02:04 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG