Մատչելիության հղումներ

Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է


Հայաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը Թեհրանում, 27-ը մարտի, 2011թ.
Հայաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը Թեհրանում, 27-ը մարտի, 2011թ.
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է: Այն, ըստ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի հաղորդագրության, կիրականացվի «առավել հարմար ժամկետներում»:

Նախատեսված էր, որ Ահմադինեժադը Հայաստան է ժամանելու այսօր: Հայաստանի նախագահի հրավերով կատարելիք այցի օրակարգում էին երկկողմ տնտեսական գործակցությանը, մասնավորապես` էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր:

Կիրակի օրը իրանական պետական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը ասել է, թե Մահուդ Ահմադինեժադի այցը մեծ նշանակություն կունենա պաշտոնական Թեհրանի եւ Երեւանի բարեկամական կապերը զարգացնելու համար:

«Դոկտոր Ահմադինեժադի այցելությունը Հայաստանի նախագահի Իրան կատարած այցելության պատասխանն է եւ նպատակ ունի տարբեր ուղղություններով բարձրացնել երկկողմ կապերի մակարդակը», - նշել է դեսպանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Իրան էր այցելել այս տարվա մարտին` Նովրուզի տոնակատարությանը մասնակցելու համար:

Գրիգոր Առաքելյանը IRNA-ի հարցազրույցում կարծիք է հայտնել, որ պաշտոնական Թեհրանը եւ Երեւանը կարող են առանցքային դերակատարություն ունենալ տարածաշրջանային կայունության երաշխավորման գործում:

Դեսպանը ասել է, որ Իրանը եւ Հայաստանը բավականաչափ ներուժ ունեն երկկողմ, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցությունը ընդլայնելու համար: Նա հատկապես նշել է Իրանի եւ Հայաստանի երկաթգծերը միացնող ծրագիրը:

Երկաթգծի շինարարությունը իրականացվելու է իրանական կողմի միջոցներով: 60 կիլոմետրանոց հատված է կառուցվելու Ջուլֆայից մինչեւ Հայաստանի հետ սահմանը: Հայաստանում կառուցվելու է երկաթգծի 400 կիլոմետրանոց հատվածը` այդ կետին, հայ - իրանական սահմանին հասնելու համար:

Իրանի նախագահի Հայաստան կատարելիք այցելությանը անդրադարձել են իրանական մի շարք լրատվական գործակալություններ:

Մասնավորապես, Fars գործակալությունը նշել է, որ Իրանը եւ Հայաստանը վերջին տարիներին կարեւոր քայլեր են կատարել երկկողմ հարաբերությունները ամրապնդելու ուղղությամբ: Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները կազմում են մոտավորապես 270 միլիոն դոլար եւ, ըստ պաշտոնյաների, ապագայում ավելի աճելու միտում ունեն:

Ահմադինեժադի նախկին այցելությունը Հայաստան կատարվել էր 2007 թվականին:

Միջազգային հանրությունը պատժամիջոցներ է կիրառում Իրանի նկատմամբ` պահանջելով զերծ մնալ միջուկային ծրագրերից, որոնք կարող են հանգեցնել միջուկային զենքի ստեղծմանը:

Մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների առումով Իրանը մշտական քննադատությունների տակ է:

2009 թվականի նախագահական ընտրություններից հետո Իրանի կառավարությունը ուժի կիրառմամբ խստորեն ճնշեց Ահմադինեժադի հաղթանակը վիճարկող ցուցարարներին: Ըստ հաղորդումների` հարյուրավոր մարդիկ սպանվեցին, վիրավորվեցին, բանտարկվեցին: Բանտարկյալները ենթարկվում էին ստորացումների, կտտանքների ու տանջանքների, որոնք երբեմն հանգեցնում էին մահվան:

Իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում Իրանը դասվում է վատթարագույն երկրների շարքում, որտեղ ճնշվում է խոսքի, մամուլի ազատությունը եւ ոտնահարվում են մարդու իրավունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG