Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը մերժեց պարտված թեկնածուի հայցը


Վարչական դատարանը ուրբաթ օրը մերժեց մայիսի 22-ին Արագածոտնի մարզի Արագածի գյուղապետի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով պարտված թեկնածու, անկուսակցական Գագիկ Մելքոնյանի հայցը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ, հիշեցնենք, հաղթող է ճանաչվել գործող գյուղապետ, այդ պաշտոնը արդեն 13 տարի զբաղեցնող անկուսակցական Գագիկ Պողոսյանը:

«Անարդարությունը դատարաններում, անարդարությունը ամենավերեւներում է, որտեղից որ կառավարվում է այս ամեն ինչը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գագիկ Մելքոնյանը` պնդելով. - «Ժողովուրդը քվեարկել էր իմ օգտին»:

«Ինքը [Գագիկ Պողոսյանը] հաղթած չէ, ինքը նշանակված է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց գյուղի բնակիչները. - «Ամբողջ գյուղը ընտրել է Մելքոնյան Գագիկին, բայց փաստորեն դատարանը որոշեց, որ Պողոսյան Գագիկը պիտի աշխատի: Նա չի աշխատելու: Շրջապատելու ենք գյուղապետարանը, եւ նա չի մտնելու գյուղապետարան»:

Գագիկ Պողոսյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե «իդեալական ընտրություններ են անցել»:

Արագածի ընտրությունների հետ է կապվում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունը: Մելքոնյանի համախոհներից մեկը` Վալտեր Առաքելյանի խոսքով, իր ազգականներից մեկը իրեն ասել է, թե գործող գյուղապետի թիկունքին կանգնած է «դատախազը, հանրապետության նախագահը, մեծամեծ պաշտոնյա մարդիկ», «37 թիվն ա, 37 թվից էլ ավելի վատ ա»:

Վերընտրված գյուղապետ Գագիկ Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Աղվան Հովսեփյանի հետ, արձագանքեց. - «Նիգ - Ապարան հայրենակցական միության անդամներ ենք, բարեգործական հասարակական գործունեությամբ զբաղվել ենք ու շարունակում ենք զբաղվել»:

Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը հարցի կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բացարձակ որեւէ առնչություն չունի Արագած գյուղի համայնքի ղեկավարի ընտրությունների հետ, առավել եւս` որեւէ խնդիր չունի պաշտպանելու այս կամ այն թեկնածուին»:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ստիպել են հավատալ, որ ընտրություններով Հայաստանում քաղաքական իրավիճակ չի փոխվի: Դրա համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է հավատա, որ ապստամբությամբ պետք է փոխվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր եզրակացությունը հնչեցրեց պատրված թեկնածուի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG