Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան պատերազմի վետերանները մեղադրվում են զինվորական թոշակը «հափշտակելու» մեջ


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ղարաբաղյան պատերազմի երկու վետերանների` Հրաչյա Ավետիսյանի ու Սուսաննա Պետրոսյանի գործը:

Նրանք մեղադրվում են փաստաթղթեր կեղծելու եւ խոշոր չափի գումար հափշտակելու մեջ: Հայցվոր կողմը Զինվորական դատախազությունն է:

Մեղադրող կողմի պնդմամբ, Հրաչյա Ավետիսյանը ու Սուսաննա Պետրոսյանը «2004 թվականին ձեռք են բերել եւ մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 1-ը օգտագործել են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների ինքնապաշտպանության ժամանակ վիրավորված լինելու մասին ակնհայտ կեղծ փաստաթղթեր»: Զինվորական դատախազությունը վետերաններին մեղադրում է 13 միլիոն դրամ գումար հափշտակելու մեջ:

Ըստ մեղադրող կողմի, Հրաչյա Ավետիսյանն ու Սուսաննա Պետրոսյանը, ովքեր ներկայանում են որպես «Չորրորդ գումարտակի ազատամարտիկներ», մարտական գործողությունների ժամանակ վնասվածք չեն ստացել եւ դրա հետեւանքով հաշմանդամ չեն դարձել, սակայն փաստաթղթեր կեղծելով` տարիներ շարունակ զինվորական թոշակ են ստացել:

Դատական նիստին ներկա էր Չորրորդ գումարտակի նախկին հրամանատարը: Չցանկանալով ներկայանալ իր անունով` նախկին հրամանատարը հայտարարեց, որ Ավետիսյանը եւ Պետրոսյանը իր գումարտակում չեն ծառայել:

«Ես ինձ հետ ծառայողներին` մինչեւ 93 թվականի վերջերը, բոլորին գիտեմ: Իրենք մեր գումարտակում չեն եղել: Գուցե ուրի?շ տեղ են եղել», - ասաց նա` հավելելով. - «Ցավն այն է, որ իրենք կարող են սուտ [վետերան] լինել, ու զոհված ընկերների արյան փողն ուտել»:

Նախկին հրամանատարի այս խոսքերին արձագանքելով` մեղադրյալների փաստաբան Թամարա Յայլոյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ իրենց կողմից դատարանին ներկայացվել են ղարաբաղյան պատերազմի մասին վավերագրական կադրեր, որտեղ, մասնավորապես, երեւում է Սուսաննա Պետրոսյանը, սակայն դատարանը պատասխանել է, որ Սուսաննա Պետրոսյանի` ղարաբաղյան պատերազմին մասնակցելու փաստը չի վիճարկվում:

«Մեղադրանքն այսօր այն է, որ նրանք մարտական գործողությունների հետեւանքով չեն ստացել վնասվածք եւ չպետք է զինվորական թոշակառու լինեին», - պարզաբանեց փաստաբանը:

Թամարա Յայլոյանը դատարանին տեղեկացրել է, որ իր պաշտպանյալներն իրենց մեղքն ընդունում են եւ արդեն որոշակի գումար` մոտ 1 միլիոն 600 հազար դրամ վերադարձրել են:

«Դա մեղմացուցիչ հանգամանք է: Մենք հույս ունենք, որ գուցե ազատազրկման հետ կապված պատիժ չնշանակվի», - նշեց փաստաբանը:

Այսօրվա դատական նիստն ընդհատվեց մեղադրյալներից մեկի` Սուսաննա Պետրոսյանի դատարան չներկայանալու պատճառով: Պաշտպանական կողմի տեղեկացմամբ, նա վատառողջ է:

Մինչ դատական գործընթացը շարունակվում է, Գյումրիում ղարաբաղյան պատերազմի մասնակիցները երկու բանակի են բաժանվել եւ մեկը մյուսին մեղադրում է կեղծարարություն անելու մեջ:
please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG