Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի վարկային միջոցները անարդյունավետ են ծախսվել


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում իրականացրած ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ մի քանի ծրագրերի խորհրդատվական ծառայությունների մատուցման գումարները փոշիացվել են:

Վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված ֆինանսական միջոցների անարդյունավետ օգտագործման դեպքերի առնչությամբ ծառայողական քննություն իրականացնել հանձնարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հինգշաբթի կայացած կառավարության նիստում պարզաբանեց, որ ծառայողական քննությունը իրականացվել է 2006-2007 թվականների ընթացքում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված մի քանի ծրագրերի խորհրդատվական ծառայությունների մատուցման շրջանակներում:

«Տնային տնտեսությունների հետազոտություն եւ համայնքների հետազոտություն խորհրդատվական ծառայության մատուցման ծառայության արժեքը եղել է 150 հազար դոլար: Նշված ծրագրի կապակցությամբ պետք է անել մեկ վերապահում` կապված մատուցված խորհրդատվությունների արժեքի հետ: Խորհրդատվությունը տեւել է 7 ամիս, եւ վերլուծությունը ցույց է տալիս, որ խորհրդատվության մեկ օրվա արժեքը կազմել է 700 ԱՄՆ դոլար», - ասաց նախարարը:

Մեկ այլ ծրագրով ավելի քան 28 հազար դոլարի դիմաց խորհրդատուն մշակել է երեք օրինագիծ: Ըստ նախարարի` օրինագծերից 2-ը օբյեկտիվ պատճառներով չեն ընդունվել, իսկ 3-րդ օրինագիծը արդեն իսկ մշակված է եղել:

«Եվ լրացուցիչ մեկ անգամ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով պատվիրվել է նույն օրենքի նախագծի մշակումը: Այս մասով հնարավոր էր խուսափել համապատասխան խորհրդատվությունը պատվիրելուց», - հայտարարեց նախարարը:

Մեկ այլ դեպքում էլ ավելի քան 45 հազար դոլարի խորհրդատվություն է պատվիրվել դեռեւս չընդունված օրենքի պահանջներից ելնելով: Նախարարի խոսքով անարդյունավետ է ծախսվել եւս 43 հազար դոլար:

«Ծրագրի շրջանակներում խորհրդատուն առաջարկել է շահառուների սպասարկման բարելավման համար ստեղծել սոցիալական գովազդներ, տարեց մարդկանց համար կազմակերպել հատուկ ռադիոհաղորդում, համագործակցել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ: Տվյալ դեպքում գտնում ենք, որ ընդհանրապես իմաստ չուներ հիշյալ ծրագրով համապատասխան խորհրդատվություն ստանալը», - փաստարկեց Արթուր Գրիգորյանը:

Եվս 40 հազար դոլար ծախսվել է աշխատանքային օրենսդրության կատարարելոգործմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակման խորհրդատվության համար:

«Ծրագրի շրջանակներում մշակվել են իրավական ակտերի նախագծեր: Այդ թվում` «Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից եւ մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» եւ «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Մինչդեռ «Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից եւ մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» օրենքի նախագիծը նախարարության աշխատակազմի Աշխատանքի եւ զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի նախաձեռնությամբ արդեն իսկ եղել էր մշակված եւ դրվել էր շրջանառության մեջ»:

Անցկացված ծառայողական քննության ընթացքում, նախարարի փաստմամբ, պարզվել է, որ եղել են մի շարք ծրագրեր, որոնք կարելի էր չանել, իսկ խորհրդատվական ծառայությունների մի մասը կարելի էր իրականացնել նաեւ ավելի ցածր գներով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որեւէ մեկը պատասխանատվություն կրելու է կատարվածի համար, Գրիգորյանը արձագանքեց. - «Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի օգտագործման հետ կապված ինչպիսի ընթացակարգ որ նախատեսված է, օրենքի տողը, տառը պահպանված է այստեղ: Բովանդակության մասին է խոսքը: Որ ոչ թե խախտումներով են ինչ-որ գործարքներ կատարել, այլ այս գումարները կարելի էր ուղղակի չծախսել: Մեղավոր անձ չկա այստեղ: Մենք հիմա հետեւություն ենք անում այս ծրագրերից, եւ հետեւության արդյունքում այլեւս խորհրդատվական ծառայություններ վարկային միջոցներով չենք ուզում անել»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ «նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով կայացվել են համապատասխան որոշումներ»:
please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG