Մատչելիության հղումներ

Բելառուսը տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիներ է փնտրում


Արժույթի փոխանակման կետ Մինսկում: Այս տարվա մայիսի կեսերին Բելառուսի ազգային արժույթը կտրուկ` գրեթե 50 տոկոսով արժեզրկվեց դոլարի նկատմամբ:
Արժույթի փոխանակման կետ Մինսկում: Այս տարվա մայիսի կեսերին Բելառուսի ազգային արժույթը կտրուկ` գրեթե 50 տոկոսով արժեզրկվեց դոլարի նկատմամբ:
Առնվազն երեքեւկես միլիարդ դոլար` այսքան է հարկավոր Բելառուսի իշխանություններին երկրում ծագած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:

Պաշտոնական Մինսկը արդեն իսկ բանակցություններ է սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ` փորձելով Արեւմուտքի օգնությամբ պահպանել այն հարաբերական տնտեսական կայունությունը, որ կար Բելառուսում վերջին 20 տարիներին:

Արեւմտյան եւ մի շարք տեղական փորձագիտական շրջանակների գնահատմամբ` տնտեսական ճգնաժամը երկու հիմնական պատճառ ունի:

Նախ` Ռուսաստանը սկսել է էներգակիրները Բելառուսին վաճառել շուկայական գնով, ինչը մեխանիկորեն հանգեցրեց արդյունաբերական արտադրանքի ինքնարժեքի աճին:

Բացի այդ, ռուսական կողմը մայիսին հրաժարվեց մեկ միլիարդի կայունացման վարկ տրամադրել պաշտոնական Մինսկին: Մոսկովյան որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ փոխարենը Պուտինի կառավարությունը պահանջել է ռուսական ընկերություններին վաճառել Բելառուսում գտնվող առաջատար արդյունաբերական ձեռնարկությունները: Ռուսական կողմը նույնիսկ նշում էր, որ սպասվող վաճառքի ընդհանուր ծավալը 2011 թվականին պետք է կազմի առնվազն 3 միլիարդ դոլար:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պատասխանն այս առաջարկին շատ կտրուկ էր: «Սկսեցին գոռալ, հերթ են կանգնել, ասում են` վաղը Լուկաշենկոն սկսելու է վաճառել շահութաբեր ձեռնարկությունները: Նույնիսկ գինն են նշում`7.5 միլիարդ դոլար: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` ես անգամ մի գործարանն այդ գնով չեմ վաճառի: Ընդհանրապես` ծայրահեղ ցածր գնով վաճառք չի լինելու», - հայտարարեց Լուկաշենկոն:

Տնտեսագետ, նախագահության նախկին թեկնածու Ալես Միխալեւիչը նշում է. - «Բելառուսը խորը տնտեսական ճգնաժամում է հայտնվել, եւ Լուկաշենկոյին անհրաժեշտ են վարկերը: Բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, սակայն, պետք է դառնա այն հիմնական նախապայմանը, որ պետք է առաջ քաշվի` օգնություն տրամադրելու դիմաց»:

Բելառուսի կենտրոնական բանկի նախկին նախագահ Ստանիսլավ Բոգդանկեւիչի կարծիքով` «ոչ ֆորմալ պահանջը լինելու է ժողովրդավարության հաստատումը»: «Եթե իշխանությունները ուզում են ստանալ ԱՄՀ-ի կողմից տրամադրվող վարկը, նրանք պարզապես ստիպված են լինելու գնալ քաղաքական ազատականացման», - ընդգծել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG