Մատչելիության հղումներ

Միասնական քննությունները առանց մրցույթի կանցնեն


Հայաստանում չորեքշաբթի օրը մեկնարկեցին միասնական քննությունները: Դրանք սկսվեցին ռուսաց լեզու եւ քիմիա առարկաներից, առջեւում եւս 11 առարկա կա:

2007 թվականից անցկացվող միասնական քննութունները, որոնց գնահատականի հիման վրա դիմորդը բուհ է ընդունվում, կազմակերպում է Գնահատման եւ թեսթավորման կենտրոնը (ԳԹԿ):

12-ամյա կրթական համակարգին անցնելու պատճառով այս տարի դպրոցները շրջանավարտ չունեն, այդ պատճառով բուհեր ընդունվելու համար շատ քիչ դիմորդներ կպայքարեն: Մարզերում որոշ առարկաների քննասենյակներ ընդամենը 1 դիմորդ կմտնի. պետության հատկացրած շուրջ 21 հազար տեղերի համար պայքարում է ընդամենը 1200 դիմորդ: Ընդ որում պետությունը 2500 անվճար ուսուցման` պետպատվերի տեղ է հատկացրել: Նախորդ տարի միասնական քննություններին մասնակցելու համար 17 հազարից ավելի շրջանավարտ էր դիմել:

Բուհ ընդունվելու համար պահանջվող բոլոր քննություններից դրական միավորի նվազագույն շեմը` 7.5 միավորը հաղթահարելու դեպքում բոլոր դիմորդները ոչ միայն ուսանող կդառնան, այլ ամենայն հավանականությամբ նաեւ անվճար կսովորեն:

Այս տարի դիմորդի կարգավիճակում են բանակից զորացրվածները, անցած տարի չընդունվածները կամ այլ պետությունների քաղաքացիները: Հետաքրքրական է, որ վճարովի համակարգում սովորող որոշ ուսանողներ թողել են բուհը` այս տարի կրկին հայտնվելով դիմորդի կարգավիճակում, որպեսզի կարողանան անվճար սովորել:

Հաշվի առնելով, որ այս տարվա դիմորդները շատ լավ պատրաստված չեն, իսկ բուհերը համալրել է պետք, ԳԹԿ-ն փորձել է հեշտացնել հարցաշարը: ԳԹԿ-ի մամլո քարտուղար Գայանե Մանուկյանի խոսքով, շատերին հենց հեշտությամբ ուսանող դառնալու միտքն է ոգեւորել:

«Կային դիմորդներ, որոնք անուն, ազգանունը գրել չգիտեին եւ դիմորդ էին ուզում դառնալ: Դա իրենց իրավունքն է, բայց թեսթերի հեշտացնելը պայմանական է, որովհետեւ եթե դիմորդը պատրաստ չէ, միեւնույն է, նրա համար բարդ կլինի», - ասում է Մանուկյանը:

Առաջին անգամ պետականի հետ հավասար պայմաններով միասնական քննություններ են հանձնում նաեւ 40 մասնավոր բուհերի դիմորդները: ԳԹԿ իրավաբանական բաժնի պետ Էդուարդ Սանթրոսյանի կանխատեսմամբ` այս տարին եզակի կլինի նաեւ այն առումով, որ գրեթե ոչ մի դիմորդ չի բողոքարկի ստացած գնահատականը, բայց ոչ այն պատճառով, որ թեստերն են անթերի կազմված:

«Եթե դիմորդին պետք է մինիմալ գնահատական, որպեսզի նա որեւէ բուհ ընդունվի, եւ եթե նա ստանում է 7.5 կամ 8 բալ, ընդունվում է անվճար, հազիվ թե շատ երկար կռիվ տա 0.25 բալի համար», - ասում է Սանթրոսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ապագա ուսանողները չէին հերքում, որ ընդամենը դրական գնահատականի համար են պայքարում:

«Շատ ժամանակ չի եղել պարապելու համար, բայց եթե բավարար ստանամ, կընդունվեմ, թեկուզ վճարովի, կարեւորը որ ընդունվեմ», - ասում էր դիմորդներից մեկը:

Մինչ ընթանում են միասնական քննությունները, բուհերի ընդունող հանձնաժողովները արդեն հայտեր են ընդունում ըստ մասնագիտությունների: Երեւանի պետական համալսարանում առայժմ առաջատարը պատմության ֆակուլտետն է ` մոտ 40 դիմորդով: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանի խոսքով, ամենածանր վիճակում բնագիտական թեւն է:

«Միջուկային ռեակտորների ֆիզիկան, որ պետությունը այդքան կարեւորում է եւ 20 անվճար տեղ է հատկացրել, որովհետեւ նոր ատոմակայանի կառուցման խնդիր է դրված, մասնագետների կարիքը, անշուշտ պետությունը կզգա, բայց այստեղ դիմորդ չունենք: Դիմորդ չունենք նաեւ ռադիոֆիզիկայի հեռահաղորդակցություն եւ ազդանշանների մշակում, էկոլոգիական քիմիա ֆակուլտետներում», - ասում է Գալստյանը:

Ամեն տարի բարձր մրցույթով հայտնի ու ամենավարկանիշային համարվող բուհերից մեկում` Տնտեսագիտական համալսարանում նոր են անցել 100 դիմորդի շեմը: Ընդունող հանձնաժողովի քարտուղար Միքայել Թավադյանը չի թաքցնում դժգոհությունը:

«Այս մեխանիզմը պետք է կատարելագործվեր, լավ հիմնավորվեր, հետո նոր կիրառվեր: 6 տարի այսպես կշարունակվի` բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրան, բնականաբար, այստեղ կտուժի», - ասում է Թավադյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG