Մատչելիության հղումներ

Քաղաքագետները չեն բացառում արտահերթ ընտրությունները


Ընդդիմության համակիրները արտահերթ ընտրություններ են պահանջում ՀԱԿ հանրահավաքում, 31 մայիս
Ընդդիմության համակիրները արտահերթ ընտրություններ են պահանջում ՀԱԿ հանրահավաքում, 31 մայիս
Հայ քաղաքական վերլուծաբանները Հայ ազգային կոնգրեսի պահանջած արտահերթ ընտրությունների հնարավորությունը չեն բացառում, սակայն նրանցից յուրաքանչյուրը դրանց անցկացման համար տարբեր գործոններ է շեշտադրում:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեքշաբթի կայացած հանրահավաքում հայտարարեց, թե իրենք պատրաստ են «ֆորմալ երկխոսություն» սկսել իշխանությունների հետ արտահերթ նախագահական եւ խորհրարանական ընտրությունների անցկացման շուրջ:

Վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը ասում է, որ խնդիրը պետք է դիտարկել իշխանության` վերջին շրջանում վարած քաղաքականության համատեքստում:

«Իշխանությունը ե'ւ Մարտի 1-ի էջն էր փակված համարում, ե'ւ քաղբանտարկյալների թեմայով որեւէ հայտարարություններ չէր անում, ե'ւ Ազատության հրապարակը փակ էր պահում 3 տարի: Եթե գնաց այդ քայլերին, ես կարծում եմ, որ ոչ թե իրենց կարծիքը փոխվեց, այլ օբյեկտիվ հանգամանքները փոխվեցին: Եթե օբյեկտիվ հանգամանքները շարունակեն այս միտումները, ապա, իհարկե, հնարավոր է նաեւ արտահերթ ընտրություններ», - ասաց Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Տեր-Աբրահամյանը արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր է համարում անկախ բանակցող կողմերի ցանկությունից: Արտաքին ճնշման փաստը չանտեսելով` նա ներքին ճնշումներն է շեշտադրում, մասնավորապես ժողովրդի գործոնը:

«Մարտի 1-ի թեման չփակվեց, որովհետեւ անընդհատ, շարունակ պայքար եղավ այս երեք տարիների ընթացքում: Եթե մարտի 1-ից հետո պայքար չլիներ, այն այսօր ոչ ոք չէր հիշի, այդ թվում ենթադրյալ արտաքին խաղացողները», - ասաց քաղաքագետը:

Վերլուծաբան Անուշ Սեդրակյանը կարծում է, որ արտահերթ ընտրությունների հարցը ոչ այնքան ներքին քաղաքական օրակարգի խնդիր է, որքան արտաքին: Ըստ նրա` ընդդիմությանը ձեռնտու է արտահերթ ընտրությունների հարցը առաջ քաշել, քանի որ դրանով վերանում են խոսակցությունները, թե ընդդիմությունը իշխանության գործարքի գնաց: Սեդրակյանի խոսքով` իշխանությանը եւս ձեռնտու է միշտ օրակարգում պահել նման հարց, քանի որ այն իշխանության համար կարող է լավ միջոց լինել Ղարաբաղում հնարավոր պատերազմական գործողությունները կանխելու համար:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, բայց միեւնույն ժամանակ նրա հայտարարության մեջ հնչել է հետեւյալն դրույթը, որ մեր քաղաքացիական եւ քաղաքական ուժերը դեռեւս չեն հասել այնպիսի կոնդիցիայի, որ երկրում ընդհանուր իշխանափոխություն իրականացվի: Ինձ թվում է, որ Տեր-Պետրոսյանը` որպես հմուտ եւ բոլոր ելքերը կանխատեսող քաղաքական գործիչ փորձում է իր խոսքում միաժամանակ անել երկու հակառակ շեշտադրումներ, որ հետո որ սցենարով էլ զարգանան գործողությունները, կարողանա արագ արձագանքել», - ասում է Սեդրակյանը:

«Նույնը անում են իշխանությունները, որովհետեւ ղարաբաղյան շուտափույթ ելքերի, գլխապտույտ զարգացումների դեպքում դա միակ խաղաքարտն է, որ իշխանությունը կարող է օգտագործել: Դրա համար այդ խաղաքարտը պետք է պարբերաբար օրակարգում պահվի», - կարծում է վերլուծաբանը:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի գնահատմամբ` ստեղծվել է մի իրավիճակ, երբ հնարավոր է հասնել ամեն ինչի, անգամ` արտահերթ ընտրությունների:

«Առաջինը պետք է մտածել, թե դա ինչքանով է ռացիոնալ եւ ճիշտ պահանջ, երկրորդը` այդ պահանջը պետք է ներկայացնել որպես ուլտիմատում, եւ ժողովրդի ճնշման միջոցով ստիպել, որ իշխանությունները գան բանակցելու այս հարցի շուրջ: Առանց պարտադրանքի իշխանությունները որեւէ բան չեն անի», - ասում է Սարգսյանը:

Քաղաքագետը նաեւ կարեւորում է, թե նայած ինչ իրավիճակում կանցկացվեն այդ ընտրությունները, կողմերից որի օգտին կլինի այդ իրավիճակը: Նա օրինակ է բերում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլի քայլը, երբ նա բարդ վիճակից դուրս եկավ նոր ընտրություններ հայտարարելով եւ վերընտրվելով:

«Հայաստանում էլ [իշխանությունները] կարող են ինչ-որ մի պահի ասել` ինչո՞ւ չանենք: Դա կախված է նրանից, թե ով է ստեղծում այն վիճակը, իսկ ընտրությունները ընդամենը լեգալիզացնում են այդ վիճակը», - կարծում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG