Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը ողջունում է Հայաստանում հայտարարված համաներումը


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների որոշումը` համաներմամբ ազատ արձակել 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած մարտյան հանրահավաքների բանտարկված մասնակիցներին:

«Ես անկեղծորեն ողջունում եմ այդ որոշումը, որը նոր էջ կբացի ընդդիմության հետ երկխոսության գործընթացում, եւ շնորհավորում եմ երկրի իշխանություններին այս քայլի համար», - ասել է Աժուբալիսը:

«ԵԱՀԿ-ի նախագահողները, ինչպես նաեւ մեր միջազգային գործընկերները հետեւողականորեն կոչ են արել Հայաստանի իշխանություններին ազատ արձակել այս բանտարկյալներին` որպես քաղաքական բարի կամքի դրսեւորում», - հայտարարել է Աժուբալիսը` հավելելով, որ ինքն անձամբ բարձրացրել է այս հարցը Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումներին` այս տարվա մարտին իր Հայաստան այցելության ժամանակ:

«Հավաքների եւ խոսքի ազատությունը ԵԱՀԿ-ի բոլոր մասնակից երկրների առանցքային պարտավորություններից է, եւ մենք հույս ունենք, որ Հայաստանի իշխանությունները կշարունակեն հետամուտ լինել այդ պարտավորությունների կատարմանը, եւ որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միջազգային չափանիշներին համապատասխան: ԵԱՀԿ-ն, նրա կառույցները եւ երեւանյան գրասենյակը պատրաստ են օգնել Հայաստանին այդ հարցում», - ասված է ԵԱՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG