Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչը անհետ կորածների վերաբերյալ տվյալներ կուղարկի Հայաստանի կառավարությանը


Կարմիր Խաչի աշատակիցները ուղեկցում են ադրբեջանցի գերուն, արխիվային լուսանկար
Կարմիր Խաչի աշատակիցները ուղեկցում են ադրբեջանցի գերուն, արխիվային լուսանկար
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) առաջիկայում Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորածների վերաբերյալ մանրամասներ կուղարկի Հայաստանի կառավարությանը:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Աշոտ Աստաբացյանը: Այս տեղեկությունները էլեկտրոնային տեսքով կներկայացվեն Հայաստանի կառավարությանն առընթեր Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողով հետագայում գործածելու նպատակով:
Տվյալներ կներկայացվեն նաեւ Ադրբեջանի իշխանություններին:

Անցած մեկ տարում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում հավաքագրել են Ղարաբաղյան պատերազմի հետեւանքով անհետ կորածների տվյալները: Դրանք անհետ կորածների վերաբերյալ բազմաշերտ տեղեկություններ են ներառում ՝ սկսած արտաքին տեսքից, հագուստից, հիվանդություններից մինչեւ նրանց կորչելու հանգամանքները:

Աշոտ Աստաբացյանը նշեց, որ այս տվյալների հիման վրա հայկական ու ադրբեջանական կողմերը առաջիկա տարիների ընթացքում կսկսեն իրականացնել արտաշիրիմում՝ յուրաքանչյուրն իր տարածքում որոնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացրած ցուցակներում առկա մարդկանց: Որոնման արդյունքների հիման վրա ստացված տվյալների ու Կարմիր Խաչի տվյալների նույնականացման միջոցով հնարավոր կլինի հստակեցնել անհետ կորածների ճակատագիրը: Կարմիր Խաչը կաջակցի երկու երկրների կառավարություններին արտաշիրիմման աշխատանքների կազմակերպման հարցում:

Անհետ կորածների ընտանիքների մեծ մասը, թեեւ իրենց հարազատներիին դատական կարգով մահացած են ճանաչել, հավատում են, որ նրանք դեռ կենդանի են:

ԿԽՄԿ-ի տվյալներով` Հայաստանից անհետ կորածների թիվը հասնում է 407-ի, Լեռնային Ղարաբաղից՝ 449-ի, Ադրբեջանից՝ 3710-ի:

please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG