Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը ազատ արձակվեց


Ուրբաթ օրը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նա ազատ արձակվեց համաներման մասին Ազգային ժողովի որոշմամբ:

«Ես ոչ մի հարցում մեղավոր չեմ եղել, անմեղ դատապարտյալ եմ եղել», - ազատ արձակվելուց անմիջապես հետո հայտարարեց Միքայելյանը:

Վերջին շրջանում ընդդիմության եւ իշխանության հարաբերությունների մասին նա ասաց. - «Նման բան Հայաստանում առաջին անգամ է ձեւավորվել` կառուցողական իշխանություն-ընդդիմություն երկխոսություն… Եթե իրոք սա մաքուր երկխոսություն է, ես ընդունում եմ»:

Սասուն Միքայելյանին ազատազրկելու կապակցությամբ, հիշեցնենք, շրջանառվում էին լուրեր, թե նրա եւ Սերժ Սարգսյանի միջեւ անձնական խնդիրներ են եղել: Այսօր այդ առնչությամբ Միքայելյանը ասաց. - «Իմ եւ Սերժ Սարգսյանի միջեւ սեւ բծեր երբեք չեն լինի, որովհետեւ Սերժ Սարգսյանի հետ եղել ենք մարտական ընկերներ… Եթե գանք քաղաքական դաշտ, ես ասել եմ այն, ինչ ասել եմ երեք տարի առաջ` լինելով Հանրապետական կուսակցության անդամ: Ոչ մի բան չի փոխվել իմ քաղաքական հայացքների մեջ»:

Սասուն Միքայելյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 4-ին, նա մեղադրվում էր զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու ու կրելու մեջ: Մեծամասնություն կազմող իշխող կոալիցիայի քվեարկությամբ նա զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից: Նույն պատգամավորները երեկ էլ կողմ քվեարկեցին համաներում հայտարարելու մասին որոշմանը:

Սասուն Միքայելյանը Մարտի 1-ի գործով անազատության մեջ հայտնված մեկ տասնյակից ավելի քաղաքական գործիչներից է, որի հանգամանքը, ըստ տարբեր գնահատականների, հաշվի է առնվել 2009 թվականի հունիսի 19-ին համաներում հայտարարելիս, որը, հիշեցնենք, նրա վրա չտարածվեց:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ստորագրել է այսօրվանից ուժի մեջ մտած համաներման մասին որոշումը, 2009 թվականին հայտարարել էր. - «Չպետք է համաներումը շփոթել չհիմնավորված ներողամտության հետ»:

Իսկ երկու օր առաջ Ազգային ժողովի նախագահը այս նոր համաներումը «աննախադեպ» որակեց. - «Պետությունն իր գթասրտությունը, ինչու չէ` իր մարդասիրական վերաբերմունքն է ցուցաբերում, այսպես կոչված, սխալված քաղաքացիների նկատմամբ, քանի որ համաներումը կարող է ծառայել նաեւ շատ կարեւոր մի նպատակի` հանրության մեջ առաջացած լարվածությունը մեղմելու եւ համագործակցության հենք ստեղծելու համար»:

Սասուն Միքայելյանի գնահատականը «սխալված քաղաքացիների» նկատմամբ գթասրտություն արտահայտելու կապակցությամբ. - «Հատկապես 88 թվից հետո ես երբեք չեմ սխալվել: Ես եղել եմ զինվոր իմ ազգին: Իմ կրած երեք տարի երեք ամիս կալանքը էլի իմ ազգի ազատության համար է: Ինչ նեղություն, ինչ դժվարություն լինի` ես պայքարելու եմ»:

Լրագրողները հետաքրքրվեցին` առաջիկա ընտրություններին ինչ մասնակցություն կունենա Սասուն Միքայելյանը: «Եթե պետք լինի Կոնգրեսին` կմասնակցեմ, բայց` մեծամասնական ընտրությամբ»:
Սասուն Միքայելյանը ազատ արձակվեց
please wait

No media source currently available

0:00 0:06:02 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG