Մատչելիության հղումներ

«Ադրբեջանի դիրքորոշումը անփոփոխ է»


Ադրբեջանի արտգործնախարարությունը
Ադրբեջանի արտգործնախարարությունը
«Հայաստանը, հետեւելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարության տրամաբանությանը, պետք է սկսի իր զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից», - ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Այդ քայլը, ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը ասել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից, «անհրաժեշտ է ձեռնարկել` ներքին տեղահանված անձանց իրենց տները վերադառնալու, տարածաշրջանում հաղորդակցությունները վերականգնելու հնարավորություններ ստեղծելու եւ տարածաշրջանում կանխատեսելիությունը մեծացնելու համար»:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները իրենց հայտարարությունում անընդունելի են համարում ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակում ներկայիս ստատուս քվոն, «ինչի մասին եւս Ադրբեջանը բազմիցս հայտարարել է»:

«Փաստաթղթերը եւ սկզբունքները, որոնց վրա հղում են կատարում երեք պետությունների ղեկավարները, քանիցս քննարկվել են, եւ դրանցում բոլորում սկզբունքորեն դրվում է Ադրբեջանի տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտության հարցը: Հետեւաբար, հայկական կողմը պետք է հասկանա, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացումը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

«Ադրբեջանի դիրքորոշումը անփոփոխ է` հայկական զինված ուժերի դուրսբերումը եւ իրենց մշտական բնակության վայրեր ներքին տեղահանված անձանց վերադարձը թույլ կտան անցնել հաջորդ քայլին Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների համակեցության բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ` Ադրբեջանի շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի հետագա որոշման նպատակով», - հայտարարել է պաշտոնական Բաքուն` ափսոսանք հայտնելով, որ «Հայաստանը դեռեւս տարբեր ճանապարհներով ձգձգում է» զորքերի դուրսբերումը եւ «դրանով իսկ խոչընդոտում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

«Ադրբեջանը փաստացի մերժեց եւ արհամարհեց երեկ Դովիլում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կոչը` համաձայնություն տալ բանակցային սեղանին գտնվող Մադրիդյան առաջարկությունների վերջին տարբերակին», - մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարության վերոհիշյալ հայտարարությունը` ասել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նշելով, թե նման քայլով Ադրբեջանը փորձում է խափանել Կազանում նախատեսված հանդիպումը, Հանրապետականի խոսնակը ամփոփել է. - «Կարծում եմ, ինչպես միջնորդները, այնպես էլ միջազգային հանրությունը համապատասխան հետեւություններ կանեն Ադրբեջանի նման անպատասխանատու վարքագծի կապակցությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG