Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի համազեկուցողները ողջունում են համաներումը Հայաստանում


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ակսել Ֆիշերը ողջունել են Հայաստանում հայտարարված համաներումը:

ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` համազեկուցողները նշել են, որ համաներման արդյունքում ազատ կարձակվեն 2008 թվականի մարտյան իրադարձությունների առնչությամբ դեռեւս բանտում մնացած բոլոր անձինք` ընդգծելով. - «Այդ անձանց ազատ արձակումը, ինչպես նաեւ 2008-ի մարտյան իրադարձությունների ընթացքում 10 անձանց մահվան հետաքննության վերսկսումը վերացնում են քաղաքական մթնոլորտի նորմալացման վերջին խոչընդոտները եւ դուռ են բացում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ կառուցողական երկխոսություն սկսելու համար: Դա շատ դրական զարգացում է Հայաստանի համար»:

Պրեսկոտը եւ Ֆիշերը, ըստ ԵԽԽՎ-ի հաղորդագրության, ոգեւորված են իշխանությունների հետ երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության մասին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններով:

«Այդ դրական զարգացումները եւ ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության կառուցողական կեցվածքը խոստումնալից են երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակի զարգացման համար եւ, հուսով ենք, կվավերացվեն իրապես ժողովրդավարական ընտրություններով 2012 թվականին», - հայտարարում են համազեկուցողները` ամփոփելով. - «Մենք կշարունակենք մեր ջանքերը եւ կշարունակենք աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ` դա իրականություն դարձնելու համար»:

ԵԽԽՎ-ն հաղորդում է նաեւ, որ Պրեսկոտը եւ Ֆիշերը մտադիր են Հայաստան այցելել ամռանը` երկրում ժողովրդավարական հաստատությունների մասին զեկույց պատրաստելու համար, որը նրանք Վեհաժողովին են ներկայացնելու այս տարվա հոկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG